Երաժշտական կրթությամբ, ճարտարագետի դիպլոմով, բայց դերասանի մասնագիտությամբ Վիգեն Ստեփանյանին հասարակությունը ճանաչում է իր մարմնավորած դերերի և բեմադրած ներկայացումների շնորհիվ: Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանական ստուդիա ընդունվել է ոչ թե էտյուդ կատարելով, կամ ասմունքելով, այլ նվագելու և երգելու կարողության շնորհիվ:
Սիրած գրքերը տարբեր տարիքում տարբեր են եղել՝ «Դոն Կիխոտ», «Երեք հրացանակիրները», ինչպես նաև Բուլգակովի և Չեխովի ստեղծագործությունները:
Սիրած կերպարը Անտոնիոն է՝ «Սինյոր Պապագատո» ներկայացումից:
«Մեր ժամանակ ֆիլմերում նկարահանվելու համար 3-4 ամիս պատրաստվում էինք: Գեղխորհուրդն ընդունում էր մեր աշխատանքը, իր նկատողություններն ու դիտողությունն էր անում: Իսկ այսօր հայտնի չէ, թե ինչ սցենարներ են գրում, ու՞մ և ի՞նչ են նկարում: Ինձ զայրացնում է հեռուստասեսությունից հնչող հայերենը, ռեժիսորական աշխատանքը, ընտրված կադրերը: Դերասանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև գիտեմ՝ ինչ պայմաններում է նկարահանվում, շատ հաճախ տեքստը ստանում է 20 րոպե առաջ և պետք է հասցնի սովորել»,- նշել է Վիգեն Ստեփանյանը։
Դերասանը նաև ընդգծել է, որ Խաղալով բազմաթիվ կերպարներ, չի կորցրել իր անհատականությունը, իր «ես»-ը բոլոր դեպքերում մնում է իր հետ: Դերասանն իր անհատակությունը կկորցնի այն ժամանակ, երբ ոչ թե խաղա, այլ ուղղակի կատարի դերը: Նա կերտում է կերպարը՝ չմոռանալով նաև այդ ամենում դնել սեփական վերաբերմունքը:
«Մենք բոլորս ցանկացած տարիքում սովորում ենք: Սովորելու համար ամենակարևոր նախապայմանը ցանկությունն է: Ես ինչ որ ուզել եմ, իսկ ես միշտ ուզել եմ, սովորել եմ: Խորեն Աբրահամյանի հետ խաղալիս, երբ ավարտվում էին իմ հատվածները, ես տուն չէի գնում, մնում էի և նայում, թե ինչպես են խաղում Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը և ուրիշներ: Հիմա էլ, երբեմն, երիտասարդների փորձերն եմ նայում, եթե ունեմ պակաս բաներ՝ նայելով կամ լսելով լրացնում եմ: Դերասանական արվեստում սերունդների միջև կամուրջ կարող է դառնալ միայն իսկական արվեստը: Եթե արվեստը հնարած չէ, մոգոնած չէ, ապա դա ամենահզոր ու պինդ կամուրջն է բոլոր ժամանակներում: Միայն այս դեպքում երիատարդը կընդունի ահելին և հակառակը:
Ես իմ ստեղծագործական կյանքում ոչ միայն պիեսներ եմ գրել, այլև նաև երաժշտական ստեղծագործությունների հեղինակ եմ. Թումանյանի «Տերն ու ծառան» ( մինչ օրս ցուցադրվում է «Պատանի Հանդիսատեսի Թատրոնում») բեմադրելուց հետո, երաժշտությունն ինքս գրեցի ինչ-որ մեկին հանձնարարելու փոխարեն: Հետո բեմադրեցի «Շունն ու կատուն», բայց այս անգամ երաժշտությունը գրեց Ֆորշը: Այդ մանկական երաժշտական հեքիաթները դարձան սկիզբ և ես սկսեցի պիեսներ գրել: Հետո վերցրեցի Չեխովի օրագրերը, նամակները և այդ ամբողջի հիման վրա պիես գրեցի, որը բեմադրեցի ռուսական թատրոնում: Արտերկրի հանդիսատեսն, իսկասպես, բուռն արձագանք տվեց «Լիր արքա»-ին: Հյուրախաղերով հանդես ենք եկել Վրաստանում և Ղրղզստանում: Ապշեցի, երբ Ղրղզստանում տեսա հանդիսատեսի բանիմացությունը, հյուրընկալության մակարդակը և Շեքսպիրի նկատմամբ սերը: Հանդիսատեսը պետք է լինի նախևառաջ իսկական հանդիսատես: Նա չպետք է լինի միայն դիտողի դերում, պետք է արձագանքի ներկայացման իրադարձությունների ընթացքին՝ այսինքն դառնա կարեկցող, հաճույք ստանա ներկայացումից: Իհարկե, հայ հանդիսատեսը ևս արտահայտեց իր վերաբերմունքը՝ հիմնականում դրական կարծիքների տեսքով:
Ճիշտ է, տարբեր են կինոյի, թատրոնի և հեռուստատեսության առանձնահատկությունները, բայց չեմ կարծում թե այս ամենից խառնաշփոթ է առաջանում: Լավ դերասանն ամեն տեղ լավ է խաղում, այլ հարց է, որ սերիալների ոչ որակյալ արտադրությունը և ցուցադրությունը վնաս է հասցնում հանդիսատեսի աշխարհայացքին, ճաշակի ձևավորմանը, մտավոր զարգացմանը: Որոշ սերիալների հետևանքով մատաղ սերնդի մոտ արմատավորվում է այն գաղափարը, որ սիրուհիներ, լավ մեքենաներ, ապօրինի փող ունենալը, նորմալ կյանքի երաշխիքն է: Ընտանիք կամ հալալ քրտինքով վաստակած գումար չկա այդ սերիալներում: Ասել եմ՝ սերիալում կնկարահանվեմ այն ժամանակ, երբ սկզբից մինչև վերջ իմանամ կերպարի ասելիքը, բովանդակությունը, խաղընկերներիս»,- ասաց դերասանը։
-Նստում եք երթուղային և հանկարծ հայտնաբերում, որ Ձեր դրամապանակը մոռացել եք տանը: Ի՞նչ կանեք։
-Ես երթուղային չեմ նստում, բայց եթե հայտնվեի նման իրավիճակում, ապա կդիմեի վարորդին, կբացատրեի իրավիճակը և կասեի՝ 3 ժամից որտեղ քեզ հարմար է, ինչքան պետք է կվճարեմ,-պատասխանեց Վիգեն Ստեփանյանը։
-Արդեն սկսվում է ներկայացումը, բայց Դուք դեռ ճանապարհի կեսին եք` մեքենայի մեջ: Ինչպե՞ս կվարվեք:
-Դա բացառվում է, եթե ես պիտի դուրս գամ բեմ, ամենաքիչը 40-45 րոպե առաջ դուրս եմ գալիս տանից:
-Ձեր խաղընկերը մոռանում է տեքստը, Դուք ի՞նչ կանեք։
– Նայած ինչպիսի խաղընկեր, քանի որ խաղընկեր էլ կա, խաղընկեր էլ (ժպտում է դերասանը): Նման դեպքեր շատ են եղել, բայց եթե ճիշտ ես զգում իրավիճակը, կարելի է իմպրովիզացիա անել: Դա այն իմպրովիզացիան է, որը, ցավոք, բոլորին հասու չէ: Ես նման իրավիճակներում չեմ ընկճվում, հակառակը դա ավելի է կենտրոնացնում,-պատասխանեց դերասանը:
-Ձեր ամենասիրելի գիրքը տվել եք ծանոթներից մեկին, անցել են տարիներ, բայց գիրքը Ձեզ չեն վերադարձնում: Ինչպե՞ս կվարվեք։
-Ճիշտն ասած մեր տնից շատ են գիրք տարել, եղել է վերադարձրել են եղել է, որ ոչ: Բայց հայտնի խոսք կա «գրքի գողը գողչի»: Ես այդ ամենը ներում եմ:
-Ի՞նչ մասնագիտություն երբեք չէիք ցանկանա ունենալ:
-Այդ մասին երբևէ չեմ էլ մտածել: Ես չէի կարողանա լինել օրինակ բանտային վերակացու, որը սպանում էր մարդկանց, (առաջ եղել է նման աշխատանք):
Դուք ո՞ր ներկայացումներում երբեք ցանկություն չեք ունենա խաղալ
-Եթե դասական գործերի մասին է խոսքը նման դեր չկա, բայց գիտեմ, որ այս տարիքիս, այս կառուցվածքիս չեմ կարող խաղալ Ռոմեո, եթե նույնիսկ ինձ միլիարդ դոլլար առաջարկեն:
-Լիր Արքան Ձեզ համար….
-Դա մի էտապային շրջան էր իմ կյանքում, որը ես հաղթահարեցի և ինքս ինձ ապացուցեցի որ կարող եմ:
-Հացի խնդիրը հավերժակա՞ն է:
-Այնպես,ինչպես ես եմ բեմադրել, իհարկե, հավերժական է: Երբ կա մարդ և կա իշխանություն, չի կարող չլինել բախում, իսկ ինչքան ազնիվ է մարդը, այդքան սուր է բախումը:
Մագա Հովհաննիի արխիվից, 2015
