fbpx
Քաղաքականություն

Ինչու՞ չի կիրառվում մեր հզոր հարձակվողական զենքերը․ Նարեկ Այվազյան

Հարց եմ ուղղում որպես քաղաքացի և կամավոր գերագույն գլխավոր հրամանատարին, քանզի ոչ միայն ես, այլև հազարավոր մարդկանց մոտ մութ են մնում այս հարցերը.

Ինչու՞ չի կիրառվում մեր հզոր հարձակվողական զենքերը, ու՞մ և ինչի՞ն ենք սպասում: Ինչու՞ ենք մենք այնքան հետ քաշվել և թույլ տվել, որ մոտենան Արցախի մայրաքաղաքին՝ սմերչով ու այլ տեսակի զենքերով հարվածեն: Ինչու՞ օդը փակ չի մինչև հիմա: Ինչու՞ չի կնքվում մարդասիրության և ռազմական փոխօգնության համաձայնագիրն Արցախի հետ և մեր հզոր կարողություններից տրամադրվում Արցախին, որպեսզի հարվածներ հասցվեն իրենց ամենացավոտ կետերին: Ինչքա՞ն պետք է սպասել, ո՞րն է եզրագիծը: Իրո՞ք ուզում եք հավատանք, որ պլանավորած է, որ պատերազմով ու զոհերով հետ եք տալու իրենցից ազատագրված հողերը, որ հարց չառաջանա ժողովրդի մոտ, թե ոնց եղավ, որ նվիրաբերեցիք: Ումի՞ց ու ինչի՞ց եք վախում պատերազմի մեջ ներգրավել ՀԱՊԿ կոչվածին: Օրինակ, Ղազախստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական փոխօգնության համաձայնագիր են կնքել, իսկ մենք արդեն անհասկանալի է, թե ինչն ենք սպասել: Եթե սպասում ենք, որ արևմուտքն է մեզ օգնելու, ապա իմացեք, որ չի գալու այդ օգնությունը, քանի որ սպառված են թե՛ համամարդկային արժեքները, հա՛մ մեր հանդեպ վստահությունը, հա՛մ էլ մեզնից ակնկալվող շահերը: Ես որ գրում եմ սպառված են, դա նշանակում, որ մենք հիմա մեծ առաքելություն ունենք այդ արժեքները վեր հանելու պատերազմի միջից ու առաջնորդելու դրանք: Մենք այդ արժեքների առաջամարտիկի դերն ենք ստանձնել և դարձել ենք տարածաշրջանի սուրբ ճիպոտը, որ սաստելու է չարիքին, որ դաղելու է տմարդիներին:

Միայն մեկ պարագայում է հնարավոր արևմուտքի օգնությունը, բայց վստահ չեմ, որ ուղիղ աշխատանքներ տարվի, գեոքաղաքական այդ ուղղությամբ՝ ոչ ռուսական, կստացվի, քանզի դրա արդյունքում ստանալու ենք Պարսկաստանի ու Ռուսաստանի հակադրությունը: Իրականում թքած ունենք, թե ով ոնց կզգա իրեն դրանից, սա միայն մեր շահերին պետք է ծառայի:

Այլ տարբերակ է, եթե չենք փորձել, փորձենք ինտենսիվ աշխատել Հնդկաստանի ու Չինաստանի հետ՝ բերել նրանց տարածաշրջան՝ ստանալով հա՛մ պաշտպանական, հա՛մ հարձակվողական միջոցներ: Ամենալոյալը կարծում եմ Հնդկաստանն է գտնվելու մեզ, քանզի իրենք թրքադրբեջանապակիստանական ցեղասպան կոալիցիային հակադիր են՝ ունենալով անսահման սպառնալիքներ, իհարկե, նաև Չինաստանն ունի այդ հակադրությունը, բայց, կարծես, հիմա խիստ արտահայտված չէ:

Ի դեպ, ոչ ռազմագետ եմ, ոչ միջազգայնագետ եմ, ոչ իրավագետ եմ: Քաղաքական ակտիվիստ եմ, զինվոր եմ, ու որևէ մեկի մտքի ծայրի ծայրով թող չանցնի իմ հարցադրումները լռեցնելու քայլեր ձեռնարկի, ինչպես նաև հինգերորդ շարասյան տմարդիներին թող իրավունք չտա փորձելու ձվադրում անել այստեղ, որովհետև ձվերը հատ հատ կմտցնեմ համապատասխան վայրը: Ներողություն եմ խնդրում այս բառապաշարի համար իմ ընթերցողներից, սակայն անկարող եմ հիմա այդպես չարտահայտվել:

Փիառներն ու դիվանագիտական դիրքերը լավացնելու համար շատ ժամանակ վատնվեց, արդեն բոլ է: Աշխարհը տեսավ, որ մենք պաշտպանվում ենք, որ գործ ունենք մեծ խաղի՝ էներգետիկ հզորություն ստանալու հիմքով մեծ թուրանի իրականացման հետ՝ ինչին հասնելու համար մեզ ոչնչացնելու նպատակ է դրված ցեղասպանների կողմից: Այդ միֆոլոգիան իրականություն են փորձում դարձնել՝ ամբողջ աշխարհի բերանը և ձեռքերը կարելով բյուրոկրատական ու շահադիտական շղթաներով: Բայց թող բոլորն իմանան, որ մենք մեզ զոհաբերելով չենք ապահովելու տարածաշրջանի ու աշխարհի կայունությունը: Եթե մեզ զոհաբերում են, ապա թող դա զգան բոլորը, բոլորն իրենց տաքուկ, նավթոտ ու գազոտ տներում: Ոչ մեկ մեզնից լավը չէ ու չի կարող լինել:

Բոլորին ցույց ենք տվել, որ մենք աննկարագրելի ինքնիշխան ենք, ազատ ենք, ուժեղ ենք, ոգով ենք և այդ աստվածատուր աղբյուրից պետք է որոշենք մեր անելիքները: Բոլոր բոլորը հպարտանում են մեր հայ լինելով: Ու ի սեր Աստծո, վերջ դրեք հինգերորդ շարասյան գոյությունը, որը հայտնի է բոլորիս: Հերիք է որպես վահան դիրքավորվենք: Այս մղկտոցի միջից մեր կանայք են մեզ քաջալերում: Մեր երեխաներն են մեզ առաջ մղում դեպի ճակատ: Մեր խաղաղ ու զարգացող ապագայի տեսլականն է մղողը հարձակման: Մեր ազգը դարձել է մեկ բռունցք, մեկ սուր: Մենք ենք մեր բանակը: Մենք ենք խաղաղությունը արարելու և պաշտպանելու: Հարձակման որոշումներն են մեզ անզուսպ սպասում:

Դիվանագիտությունն ու հրադադարներին միտված հանդիպումների ընթացքում մեր կանգառները օգտագործվել են մեր դեմ: Դա է թշնամու դեմքը: Նրանք խախտել են միջազգային հանրության կողմից ընդունելի՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման սկզբունքը, նրանք ոտնահարում են միջազգային իրավունքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ահաբեկիչների կոալիցիան մեկ իրավունքի ուժով՝ տարածքային ամբողջականության իրավունքի ուժով գործում է համամարդկային ոճիրներ: Ժամանակը եկել է թշնամուն ջախջախելու: Թշնամուն կապիտուլացիայի հասցնելու մեր վճռականությունը եփում է մեր հոգիներում: Մեր որդիների, եղբայրների և խաղաղ բնակչության թափված արյունը մեր սրտերը դարձրել է սառույց և դրդում է վրեժխնդրության: Հզոր զենքերը կիրառելու բարոյական իրավունքը լիարժեք ստացել ենք, իրավական հիմք ստեղծեք և անցեք գործի: Մեր սարերի հովը որպես պատիժ թող լցվի նրանց սատանայական որջերը…

Անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ