fbpx
Հասարակություն

12:40 16/8/2019

Ինչու են բնապահպանները համառորեն դեմ այս հանքին և լռում մնացած հանքերի մասին. Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ո՞ՐՆ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ավելի քան մեկ տարի տևեց Ամուլսարի շուրջ անորոշությունը, և ահա օրերս հրապարակվեց փորձագիտական եզրակացությունը, որից ենթադրվում է, որ հանքն, այնուամենայնիվ, կշահագործվի:
Այդ եզրակացությունը, որին ամենքն էին սպասում, որի անաչառությանը ոչ ոք կարծես չէր կասկածում, ոչ մի կերպ չեն ուզում ընդունել հանքի շահագործման հակառակորդները, թեև կատարվել է մանրակրկիտ ու համակողմանի ուսումնասիրություն, որի նախադեպը Հայաստանի ոչ մի հանքավայրի պարագայում չի եղել:

Ես ուզում եմ հասկանալ. ո՞րն է հանքի շահագործման դեմ ըմբոստացողների տրամաբանությունը: Ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են նրանք: Բնապահպաննե՞ր: ՀՀ սրտացավ, հայրենասեր ու անկաշառ քաղաքացինե՞ր… Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք միայն Ամուլսարի՛ բնապահպան, բայց, օրինակ, թքած ունեն Զանգեզուրի կամ Լոռվա բնության վրա: Ինչո՞ւ են սրտացավ, հայրենասեր ու անկաշառ միայն ու միայն ա՛յս հանքի պարագայում, և զարմանալիորեն հաշտ, մի տեսակ համակերպված՝ մնացած բոլոր հանքերի և դրանց բաց պոչամբարների հետ… Համենայնդեպս չի եղել ըմբոստության որևէ ցույց, հայրենասիրական որևէ ավտոերթ կամ պանթեիստական որևէ պոռթկում, ասենք, Լոռվա բնաշխարհում դանդաղ գործողության ական Թեղուտի կամ ամբողջ Զանգեզուրի կենսաբազմազանությունը մահվան դուռը տանող հանքերի դեմ:

Ինչո՞ւ են նրանք համառորեն դեմ ա՛յս հանքին և ինչո՞ւ են բերանները ջուր առած լռում մնացած բոլոր հանքերի մասին: Էս ի՞նչ «ընտրովի» բնապահպանություն է, էս ի՞նչ միսարանի հայրենասիրություն է:

Հ.Գ. Անհիմն և անհեթեթ մեկնաբանությունները կանխելու համար ասեմ, որ ինքս անձամբ դեմ եմ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած հանքի շահագործման: Ես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ողբերգությունն եմ համարում անխնա, փնթի և բնապահպանական բոլոր նորմերը ոտնահարող հանքերի շահագործումն ու դրանց գոյությունն առհասարակ: Հիվանդագին աստիճանի չեմ հանդուրժում բնության հանդեպ ցանկացած ոտնձգություն, լինի դա հանքի շահագործում կամ ձկնագողություն, ծառագողություն կամ կենդանասպանություն»:

Ո՞ՐՆ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸԱվելի քան մեկ տարի տևեց Ամուլսարի շուրջ անորոշությունը, և ահա օրերս հրապարակվեց փորձագիտական…

Geplaatst door Վասակ Դարբինյան op Donderdag 15 augustus 2019

Վերեվ