Քաղաքականություն

Ինչու՞ Միքայել Մինասյանը միայն հիմա հիշեց ատելության ու բևեռվածության մասին. Նարեկ Այվազյան

Հակակոռուպցիոն ծրագրերի ու համակարգային բարեփոխումների (Էլեկտրիկ Երևան) ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միքայել Մինասյանի վերջին հոդվածից ակամայից հարցերի շարան առաջացան.
Երբ որ իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքերում էր, ինչու՞ էին բաժանում յուրայինների և ոչ յուրայինների ու իրենց սեփական լրատվամիջոցներով, որոնց ժողովուրդը կնքել է միշիկնյուզ անվանումով, վարկաբեկում էին բոլորին բացի իրենից ու Սերժ Սարգսյանից, մինչև ամենաստորին հատվածը: Թե՞ կարծում էին, ինչպես նշված է այդ հոդվածում, որ ժողովուրդների հիշողությունը կարճ է ու բոլորն են մոռանում, ինչպես էին մանիպուլացնում մեր երկիրը սիրող ու երկրի համար ամեն ինչ անող հա՛մ ազնիվ ու բանիմաց քաղաքացիներին, հա՛մ հայրենասեր ու պետականակենտրոն հանրային գործիչներին: Իսկ եթե անմեղության կանխավարկածով շարժվենք՝ ասելով, որ ինքը անձամբ չէր տիրապետում իրեն պատկանող սեփականութունը հանդիսացող միշիկնյուզերին, ապա ո՞նց կարող է նման մարդը կամ խումբը հավակնել տիրապետելու պետությունը՝ երկրի իրավիճակին:

Ինչու՞ միայն հիմա հիշեց ատելության ու բևեռվածության մասին: Զրկված իշխանությունից ու վարչական լծակներից՝ կոչ է անում համախմբման ու համերաշխության: Ու՞մ շուրջ: Ի՞ր կամ իրե՞նց: Ինչու՞ պետք է մարդիկ վստահեն իրեն կամ իրենց: Հենց այդ հարթության մեջ ո՞ր արժանիքի համար պետք է վստահեն: Պարզ հարց եմ տալիս: Նույնիսկ ներողություն չեն հայցել ժողովրդից, ու ինչի՞ վրա են հույս դրած նման մտքերով հանդես գալիս ու այն պարագայում, որ այդ նույն մեդիաները հիմա էլ շարունակում են մանիպուլացնել, պառակտել ու ուղղորդել մարդկանց իրենց անձնական շահերի ուղղությամբ: Իրենք գործել են՝ բաժանիր և տիրիր, կեղտոտիր և եղիր առավել, պիտակավորիր և մնա բարձրունքում, ճնշիր ու շահագործիր, խլիր, փայ մտիր, նվաստացրու, կաշառիր, կաշառվիր, խառնաշփոթ ստեղծիր, շեղիր կարևորից, վիրավորիր, ատիր սկզբունքները որդեգրած քարոզչական ռեսուրսի գլխին կանգնած, ինչի մասին էլ հենց շատ մանրամասն կարողացել է գրել այդ հոդվածում:

Այդ ամենը նաև արել են իրենց թիմակիցների ու իրենցով բևեռացված կողմում հավաքված գործիչների հանդեպ՝ անխտիր բոլորին են կեղտոտել, հատկապես ամենաշատը իրենք են այլասերել դեմոնիզացրել Քոչարյանին, որպեսզի նրա վերադարձն իսպառ կանխեն: Եթե ոչ ինքը, ապա դժվար թե լիներ որևէ մեկը, ով կկարողանար նման մանրամասներով նկարագրել, թե ինչպես են գարշանքով վարվում քաղաքացու ու հակառակորդի հետ: Իսկ հիմա համերաշխություն է քարոզում: Ճիշտ է, անհրաժեշտ է, որ հենց իրենից սկսած այդ քարոզը արվի, սակայն անընդունելի է քաղաքական ու բարոյական առումներով համախմբման կոչ անել իր կամ իրենց շուրջ, քանզի, դասեր քաղած, նույն գետը չի կարելի մտնել երկրորդ անգամ: Իրենք պետք է արդար գտնվեն առաջին հերթին իրենց ու նաև սերունդների հանդեպ և ընդունեն դա: Ու՜ր մնաց՝ քաղաքական ուժերին ու քաղաքացիներին դիմեն: Անվստահելի է, քանզի կեղծ է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ