Աշխարհ
14:30 31/08/2019

Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը չի փրկի քաղաքը էկոլոգիական ճգնաժամից

Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից Բորնեո չի փրկի արագ զարգացող ինդոնեզական մեգապոլիսն աղետից և կարող է անգամ հրահրել նոր էկոլոգիական ճգնաժամ տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է AFP-ը:

Երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է այս շաբաթ մայրաքաղաքը Բորնեո տեղափոխելու մասին խիտ բնակեցված Յավայի վրա ճնշումը թուլացնելու համար:

Ընդարձակված Ջակարտան, որն ունի շուրջ 30 միլիոն բնակչություն, տառապում է մի շարք խնդիրներով՝ սկսած խցանումներից և վերջացրած երկրաշարժերի ու ջրհեղեղների ռիսկով: Դա նաև մեր մոլորակում ամենաարագ խորտակվող քաղաքներից է: Փորձագետները նշում են, որ Ջակարտայի մեկ երրորդը կարող է խորտակվել 2050 թվականին ստորգետնյա ջրային պաշարների չափազանց մեծ սպառման և անկայուն եղանակային պայմանների պատճառով, որոնք ծագել են կլիմայական փոփոխությունների հետևանքով:

Նոր մայրաքաղաքի կառուցումը Բորնեոյի արևելյան մասում պետք է սկսվի հաջորդ տարի: Ակնկալվում է, որ 2024 թվականին այդտեղ կտեղափոխվի շուրջ 1.5 միլիոն պետական ծառայող, ինչը կարժենա 466 տրիլիոն ռուպի (33 միլիարդ դոլար):

Լեռնային պլանտացիաները և արմավենու յուղի պլանտացիաներն արդեն սպառնում են Բորնեոյի շրջակա միջավայրին և անհետացող տեսակների բնակության վայրերին. դա խնդիր է, որը կարող է լրջանալ, եթե առանցքային բնապահպանական շրջանի հարևանությամբ կառուցեն մեծ քաղաք, ասում են բնապահպանները:

Բորնեոյի տեղաբնիկ ժողովուրդների առաջնորդները զգուշավոր լավատեսություն են արտահայտել այն առումով, որ նոր մայրաքաղաքը կօգնի մարգինալ խմբերին և կապահովի տնտեսական աճ շուրջ 20 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանում:

«Սակայն մենք նաև մտահոգված ենք»,-ասել է էթնիկ խմբերից մեկի ակադեմիական և հասարակական գործիչ Յուլիուս Յոհանեսը:

Ինդոնեզիայի կառավարությունը պարտավորվել է ներդնել միլիարդավոր դոլարներ Ջակարտայի խնդիրները լուծելու համար և հայտարարել է, որ նոր մայրաքաղաքը չի վտանգի պահպանվող անտառները:

Գերբնակեցված մայրաքաղաքում բազմաթիվ բնակիչներ կասկածամտորեն են ընդունել տեղափոխման ծրագիրը: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների շուրջ 95 տոկոսը դեմ է տեղափոխմանը, իսկ ոմանք անգամ ծաղրել են ծրագիրը և երկրի առաջնորդին՝ առաջարկելով, որ նոր մայրաքաղաքը կարելի էր անվանել «Ջոկոկոգրադ» կամ «Սուրբ Ջոկոբուրգ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ