fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկեց տեղափոխել երկրի մայրաքաղաքը

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն օգոստոսի 16-ին խորհրդարանի առջև հանդես է եկել պետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի (Բոռնեո) տեղափոխելու պաշտոնական առաջարկությամբ: Այս մասին նա հայտարարել է հանդիսավոր ելույթի ժամանակ, որը նվիրված էր հանրապետության անկախության 74-րդ տարեդարձին: Նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

«Ես ձեզանից թույլտվություն եմ խնդրում ազգային մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան (կղզի)»,- ասել է Վիդոդոն:

Նախագահը հավաքվածներին հավաստիացրել է, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն կդառնա ազգային ինքնատիպության խորհրդանիշը, այլև կցուցադրի Ինդոնեզիայի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարության և արդարության հասնելու նրա ձգտման մեջ:

Միևնույն ժամանակ Ինդոնեզիայի ղեկավարն առայժմ հրաժարվել է բացահայտել, թե հատկապես որ քաղաքը կդառնա հանրապետության մայրաքաղաքը:

Ինդոնեզիայի կառավարությունն օգոստոսի 2-ին հաստատել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար:

Շինարարության սկիզբը պլանավորված է 2021 թվականին:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն, այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ