Զինված Ուժեր

Ինձ պատիվ է վիճակվել պայքարել հայրենի հողի համար․ Վարդան Ջանոյան

Հայրենիքը կյանքի գնով պահելու ու պաշտպանելու համար զինվորը երդում է տալիս: Նրա Երդումը սովորական արարողություն չէ. մի ձեռքում խոսքերն են` գրված նախնիների արյունով, մյուսին էլ զենքը, որ, Տիգրանից մինչև մոնթեներ ու շուլիներ, հայրենի հողի պահպանության վկան ու երաշխավորն է: Սեպտեմբերի 27-ի խավար մշուշից անդին, մեր կողքին ապրում են երիտասարդներ` ազգի նվիրյալներ: Նրանց հաջողվեց կոտրել վախի պատնեշն ու անցնել պատերազմի թոհուբոհով:

Այս հերոսներից մեկն էլ Վարդան Ջանոյանն է, ով հաղթանակի ու պարտության հարմոնիան փոխարինում է գոյի պայքարով. «Պարտվելուց ավելի դժվար է գիտակցել, որ կռիվդ ոչ թե մեկ, երկու, կամ էլ երեք, այլ միաժամանակ մի քանի գերտերությունների հետ է: Պայքարի ժամանակ մթագնում է հաղթանակի ու պարտության հարմոնիան և սկսում ես արդեն գոյի պայքար տալ. ոչ թե քո գոյի կամ ընկերոջդ՝ ով կողքդ կռվում է, այլ ամբողջ ազգի»։

Պատերազմը փոխում է մարդկանց, իսկ հողին շաղախված ոտքերը այդպես էլ մնում են արյունոտ: Շարքային Վարդանի ու իր նմանների համար ամեն պատերազմ հողի բաղադրության մեջ ներմուծում է պայքարի նոր չափաբաժին. «Անձամբ իմ ներսում հողին թափված արյունն է վրեժ առաջացրել ու ավելի ուրիշ ձև է ստացել իմ կռիվը։ Հեշտ չի խոստովանել, որ կռվել եմ, որ այդ սուրբ արյունով օծված հողը պիտի տանք թշնամուն»:

Բնութագրությունը հասանալի չէ
Ծառայությունն ամենասկզբից ուրիշ արժեք ու նշանակություն ուներ, իսկ հիմա՞: Ի՞նչ փոխեց պատերազմը զինվորի պարտականությունների ու պարտավորությունների, առհասարակ զինվորի իրականության մեջ։ Վարդանի կարծիքով դառնություն ավելացավ զինծառայողի կյանքում։

Թե´ պահանջները, թե´ պարտավորությունները միշտ նույնն են մնում հայ զինվորի համար, իսկ մղումը մեկն է՝ միշտ պատրաստ լինել հայրենիքի պաշտպանության Սուրբ գործին։ Արժեքները փոխվում են ժամանակի ընթացքում, իսկ ժամանակը բաժանվում է անցյալի և ներկայի միջև: Զինծառայողի համար կարևոր է հայ զինվորի առաքինի կեցվածքի պահպանումը: Հաղթանակել ինքդ քեզ ու ընդառաջ գնալ մահվանը, բայց նաև կորցնել այն տարածքները, որի համար պայքարել ես, ստեղծում են տարօրինակ, հակասական զգացողություններ. «Նման զգացողություն առաջին անգամ էր պատահում, բնական է, բայց իմ մտքում միշտ եղել է այն գաղափարը, որ ինձ պատիվ է վիճակվել լինել հայրենի հողի վրա ու պայքարել այն հողի համար, որտեղ կռիվ են տվել իմ հորեղբայրները՝ 90-ականներին, իմ մեծ եղբայրները՝ ապրիլյանին ու հիմա իմ հերթն էր հասել»:

«Ես հայ եմ ու պետք է գործով ապացուցեմ իմ ինքնությունը…»,-ասում է Վարդան Ջանոյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատմական արդարության համար պայքարը արդարեցված է։

Լիլիա Ալավերդյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ