fbpx
Արցախ

ԻՔՄ-ն ներկայացրել է Արցախում արձանագրված մի շարք խախտումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Facebook-ի էջում գրված է․

««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» դիտորդական առաքելությունն այսօր՝ ապրիլի 14-ին, հետևում է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլին։

Հաշվի առնելով Արցախում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության հաստատված դեպքերը, ի տարբերություն մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների՝ այս անգամ դիտորդական առաքելությունն իրականացվում է ամբողջովին նոր մեթոդոլոգիայով, այդ թվում՝ տեսահեռարձակման և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով։ Սա երբեմն դժվարացնում է դիտորդական խմբի աշխատանքները, քանի որ որոշ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերը բավարար չափով տեսանելի չեն դարձնում քվեախցիկների, քվեատուփերի և հանձնաժողովի անդամների դիրքը։ Մասնավորապես, տեսախցիկների տեսադաշտի ու հեռարձակման մասով խնդիրներ առաջացել են 10-ից ավել ընտրական տեղամասերում, սակայն դրանք վերացվել են ընտրական հանձնաժողովների, տեխնիկական սպասարկող անձնակազմի և մեր դիտորդների շրջիկ խմբերի շնորհիվ, ինչի արդյունքում խնդիրները մեծամասամբ լուծվել են։

Այդուհանդերձ, չնայած առկա դժվարություններին, իրականացվող դիտարկման արդյունքներով՝ ընտրական հանձնաժողովներում ժամը 07։00-ից 08։00-ն դիտորդներն արձանագրել են տեղամասերում հանձնաժողովի անդամների՝ վկայական չկրելու դեպք 16 տեղամասում, ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի կարգադրության քվեասենյակ մուտք գործելու դեպք 14 տեղամասում, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք չունեցող անհայտ անձանց ներկայության դեպք 10 տեղամասում։ Հարկ է նշել նաև, որ հանձնաժողովի գործառույթների վիճակահանությունը մեծամասամբ չի իրականացվել պատշաճ կերպով, իսկ դիտարկված 11 տեղամասերում նիստը տեղի է ունեցել քվեարկության սենյակից դուրս՝ այլ սենյակում:

Ժամը 14։00-ի դրությամբ 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է․

  • ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք,
  • վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության 40 դեպք,
  • ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք,
  • ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք,
  • հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու 10 դեպք,
  • քվեասենյակում կուտակումների 14 դեպք։

Այս ամենից զատ՝ հարկ է նշել, որ 7։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգը, դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ 125 դեպքում։

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն» ավելի ամբողջական նախնական գնահատականով հանդես կգա վաղը տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիտորդական առաքելություն էր իրականացրել մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ և հանդես եկել նախնական գնահատականով։ Դիտորդական առաքելությունը հայտնել էր ընտրությունների ընթացքում տեղ գտած ինչպես առանձին, այնպես էլ համատարած և համակարգված կերպով տեղի ունեցած խնդիրների մասին։

Դիտորդական առաքելությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»»:

https://www.facebook.com/uicarmenia/posts/1698483523626139

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ