fbpx
Խորհրդարան

Իր բնույթով ԵՏՄ-ն հակամետ է Հայաստանին. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երևանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 7 պետությունների առաջնորդներ: Նիստը և դրան զուգակցած բոլոր միջոցառումները կազմակերպված էին պատշաճ մակարդակով, դրանց լրացուցիչ նշանակություն էր հաղորդում Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը:

Վերջին օրերի միջոցառումները դրականորեն կանդրադառնան Հայաստանի միջազգային հեղինակության և կշռի վրա, ինչը կարելի է համարել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացիկ փուլի ձեռբերումներից մեկը: Ձեռքբերումները, սակայն, դրանով, ըստ էության ավարտվում են: Այլ առարկայական օգուտ Հայաստանը այդ կառույցին անդամակցությունից չի ստացել և մեծ հավակնությամբ չի ստանալու նաև ապագայում: Խոսքը ԵՏՄ երկրների շուկաներում վաճառված միրգ-բանջարեղենի մասին չէ, որը՝ որպես մանիպուլյացիա փորձ է արվում ներկայացնել որպես այդ կառույցին Հայաստանի անդամակցության դրական հետևանք:

Այո, ԵՏՄ շուկաներում ինչ-որ քանակությամբ հայկական արտադրանք է սպառվում, ինչը որոշակիորեն ավելացնում է մեր արտահանումը: Բայց մենք ԵՏՄ-ին անդամակցում էինք ամենևին ոչ վարունգ կամ լոլիկ արտահանելու նպատակով: Չմոռանանք՝ մեզ ներկայացվում էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ամրապնդելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հենց այդ հիմնավորմամբ վեց տարի առաջ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ-ի հետ երեքուկես տարի բանակցված Ասոցացման համաձայանգրից և որոշում կայացրեց անդամակցել Մաքսային, այնուհետև՝ Եվրասիական միությանը:

Անցած վեց տարիները ցույց տվեցին, սակայն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն չամրապնդեց խոստացված անվտանգությունը, այլ սպառնալիք դարձավ մեր և Արցախի անվտնագության համար, որի ամենախոսուն վկայությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, որն էլ հնարավոր դարձավ նաև ԵՏՄ-ական մեր գործընկրների ու Ադրբեջանի սիրախաղերի արդյունքում:

Ահա այդ նույն ԵՏՄ-ի գագաթաժողովն էր այսօր անցկացվում Երևանում: Սա իրողություն է, որը երբեք չպետք է մոռանալ: Ինչպես որ պետք է հիշել, որ ԵՏՄ-ն որևէ կերպ չի ավելացնելու Հայաստանի և Արցախի անվտանգություն: Այսինքն՝ այս կառույցը լայն իմաստով չի համապատասխանում Հայաստանի ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ ու առավել ևս՝ երակարաժամկետ հեռանկարներին ու տեսլականներին: Ճիշտ հակառակը՝ իր բնույթով, անդամ պետությունների իշխանությունների կառուցվածքով ԵՏՄ-ն հակամետ է Հայաստանին, քանի որ այդ, բացառությամբ Հայաստանի, ավտորիտար պետությունների ակումբ է՝ դրանից բխող բոլոր ներքին և արտաքին հետևանքներով:

Հայաստանն անելիք չունի այդ ակումբում, հետադիմության ջահակիրների այդ հավաքատեղիում: Հայաստանի տեղը ժամանակակից, ազատ ու ժողովրդավարական պետությունների ընտանիքն է, որում դրա անդամների անվտանգությունը ոչ թե սակարկության առարկա է դառնում, այլ համարվում է բոլորի, ընհանուրի պաշտպանության ու հոգածության առարկա: Հետևաբար Հայաստանի անդամությունը ԵՏՄ-ին խիստ ժամանակավոր է: Դա չի նշանակում, թե հենց վաղը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու քայլեր ձեռնարկել: Դա նշանակում է, որ օգագործելով ԵՏՄ-ի գոնե տնտեսական հնարավորությունները, պետությանը՝ բառի նեղ և լայն իմաստներով պետք է պատրաստել տեսանելի ապագայում այլ ընթացքի, այնպիսի ընթացքի, որը առարակայաբար կամրապնդի մեր անվտանգությունը, միաժամանակ ապահովելով նաև տնտեսական օգուտներ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ