fbpx
Իրավական

Իրանի գլխավոր դատախազը կժամանի Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան:

«Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:

Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:

2013թ.-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:

Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են:

Երկու երկրների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված «Հանձնման մասին» համաձայնագրի և «Քրեական և քաղաքացիական հարցերով համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև նախընթաց տարիներին ստորագրված համագործակցության հուշագրի և ծրագրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ