fbpx
Աշխարհ

Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի պաշտոնից Զարիֆի հրաժարականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։

«Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։

Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս հրաժարականը համաձայնեցված գործողություն էր երկրի քաղաքական բարեփոխական իշխանությունների կողմից (նախագահ և կառավարություն), որն ուղղված էր պահպանողական ու ավելի ռադիկալ հոգևոր առաջնորդի իշխանությանը։

Բանն այն է, որ Զարիֆի հրաժարականը եղել էր այն բանից հետո, երբ երկրի հոգևոր առաջնորդն ընդունել էր Սիրիայի նախագահին, ու հանդիպմանը ներկա չէր եղել (դրա մասին տեղյակ չէր եղել) արտգործնախարարը։ Վերլուծաբանների մի մասը միանգամից նկատել էր սա ու պնդում էր, որ Զարիֆի քայլն ուղղված էր ԱԳՆ դերի մասին հիշեցնելուն։

Զարիֆը, սակայն, առանցքային կերպար է իրանական քաղաքականության մեջ ու սիրված է նաև ժողովրդի ու իշխանավորների կողմից։ Հրաժարականից հետո Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը՝ 160 պատգամավոր, նամակով դիմել էր նախագահին ու խնդրել թույլ չտալ, որ Զարիֆը հեռանա։

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ