Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության և Թեհրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, ինչի մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Մեհդի Սանային: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առևտրի ազատ գոտու վերաբերյալ համաձայնագիրն իսկապես Իրանի խորհրդարանում է: Դեռևս փաստաթղթի ոչ պաշտոնական քննարկումն է ընթանում: Դա նշանակում է, որ շատ շուտով այն կհաստատվի»,-ասել է դիվանագետը:
Իրանի դեսպանը մանրամասնել է`համաձայնագիրն արդեն հաստատվել է ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարաններում:
«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում այդ գործընթացն ընթացքի մեջ է»,-ընդգծել է Սանային:
Դեսպանը միաժամանակ հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս արագ կավարտվի, և վստահեցրել է, որ դա կարևոր քայլ կլինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական տեսանկյունից: