fbpx
Աշխարհ
11:10 21/02/2020

Իրանում խորհրդարանական ընտրություններ են

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասեր են բացվել ամբողջ երկրի տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի Ներքին գործերի նախարարությանը:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 08:30-ին):

Ընտրություններն անցկացվում են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը. ռեֆորմիստնե՞րը, որոնք նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցներն են և այժմ մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները, որոնք կառավարության քաղաքականության հակառակորդներն են: Ըստ փորձագետների՝ ավելի մեծ շանսեր ունեն վերջինները:

290 պատգամավորական տեղի համար կպայքարի ավելի քան 7000 թեկնածու, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության հսկողության խորհուրդը:

Սկզբնական փուլում թեկնածություն էին առաջադրել ավելի քան 15 000 անձ, որոնց մի մասը հանել է իր թեկնածությունը, մի մասի թեկնածությունն էլ չի հաստատել Սահմանադրության հսկողության խորհուրդը, արդյունքում թեկնածուների թիվը կրճատվել է ավելի քան կեսով:

Երկրի քաղաքացիներն ընտրություն կկատարեն 7148 թեկնածուների միջև, որոնց թվում մոտ 800-ը կին է:

Իրանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատի համար պայքարում է 6 հայ թեկնածու:

Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ