fbpx
Էկո

Իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու․ Հրաչյա Հակոբյան

Ես մասնագետ չեմ, մնում է վստահել կառավարությանը, իսկ ես որևէ հիմք չունեմ կառավարությանը չվստահելու։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Եթե կառավարությունը երաշխավարում է, որ ռիսկեր լինելու դեպքում, օդի աղտոտման դեպքում և այլն, կզգուշացնի հանքին, և եթե 90 օր ժամկետում չկարգավորվի, ապա իրավական կարգավորմամբ հանքի շահագործումը կարգելեն, ապա ես չվստահելու հիմք չեմ տեսնում»,-ասաց նա։

Հակոբյանը համակարծիք չէ այն տեսակետին, թե Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հանրային մեծ դժգոհության ալիք է լինելու։

«Կան սրտացավ մարդիկ, բնապահպաններ, որոնք իրոք սրտացավ են, ունեն կասկածներ անվտանգության հետ կապված, որոնց չի բավարարում այս իրավիճակը։ Բայց բոլորս գիտենք, թե որքան մարդիկ կան, որոնք ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից։ Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ Ամուլսարի վրա գործարան էր կառուցվում, ինչո՞ւ ֆեյսբուքում այդքան չէին հանդիպում #seveamulsar հեշթեգ»,- ընդգծեց Հակոբյանը։

Դիտարկմանը, թե այժմ ժողովուրդը պահանջատեր է, նա ասաց, որ պահանջատերը պահանջում է, բայց ոմանք էլ ուղղորդվում են։

Հարցին՝ ինչո՞վ է տարբերվում այս իշխանության դիրքորոշումը նախկին իշխանության՝ Ամուլսարի հետ կապված դիրքորոշումից, իշխանական պատգամավոր պատասխանեց․ «Տարբերվում է նրանով, որ հակաիրավական որոշում չի կայացնում։ Իրավական որևէ հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու, իշխանությունը հակաօրինական գործընթաց չի անում»։

Հրաչյա Հակոբյանը շեշտեց նաև, որ որոշ ժամանակ առաջ չի կողմնորոշվել՝ դե՞մ է Ամուլսարի հանքի շահագործմանը, թե՝ կողմ, իսկ հիմա հասկանում է, որ կառավարությանը չվստահելու հիմք չունի։ Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորներն, ովքեր դեմ էին Ամուլսարի հանքի շահագործմանը, այսօր սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ