fbpx
Զինված Ուժեր

Իրավապաշտպանները՝ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Քննչական կոմիտեն զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում 3 ձերբակալված զինվորների մասին հայտնեց միայն նրա հարազատների երեկվա բողոքից հետո:

«Հայտարարությունն, իհարկե, ավելի շուտ նպատակ ուներ կարծես թե հույզերը հանդարտացնելուն, և պաշտպանության նախարարի հանդիպումը և արդեն երթի մասնակիցների հետ ճանապարհի կեսին հանդիպելը նույնպես նպատակ ուներ արդեն անարդարության և այդ զգացմունքներով ապրող կամ այդ վիճակում գտնվող մարդկանց հանդարտացնելու», – ասաց Սաքունցը։

Հունվարի 30 ին՝ զինծառայողի մահվան օրը Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Երեկ առավոտյան Ավագյանի հարազատները նրա դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել, պնդելով՝ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։ Ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել, հարազատներին լսելու գնաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, և վերջինիս հորդորով հավաքվածները վերադարձան Հայթաղ գյուղ՝ Ավագյանին հուղարկավորելու։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը զրույց է ունեցել Ավագյանի զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանի հետ։

«Նա ինձ ասեց, որ նա եղել է զորքի առաջ, զորք ասելով էդ 35-40 զինծառայողները, որոնք հրաձգարանում էին, ինչ-որ վարժանքների էին, ու ես շատ-շատ, նույնիսկ չէի հավատում ականջներիս, որ ես ասում եմ՝ «Դուք ո՞նց կարող եք հրամանատար լինեք, երբ Ձեր զորքի առաջ, փաստորեն, զինվորն ինքնասպան է լինում, ինչպես իրենք ասում են», – նշեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝ ինքը հրամանատարին հորդորել է հրաժարական տալ։ «Այդպիսի ավանդույթ հայկական բանակում չկա, որ զորամասի հրամանատարը պատասխանատվություն կրի զինվորների մահվան համար։ Ընդհանրապես հրամանատարական կազմից որևէ մեկը չկա, որ եթե նույնիսկ իր զորամասում մահվան մի քանի դեպքեր է, նրան պատասխանատվության ենթարկեն։ Առաջին պատճառը մահվան դեպքերի՝ անպատժելիությունն է», – ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավարը։

Գրում է Azatutyun-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ