fbpx
Իրավական

Ադրբեջանի ԶՈւ-ն դիտավորյալ խախտել է Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքը

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:

Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:

Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը:

Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը:

2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:

Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս:

Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից:

Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով:

Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով:

Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող:

Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ