fbpx
Աշխարհ

Իռլանդիան սպառնացել է արգելափակել ԵՄ-ի համաձայնագիրը Ամազոնիայի հրդեհների պատճառով

Իռլանդիան կփորձի արգելափակել Եվրամիության երկրների և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈւՐ) միջև կնքված առևտրային համաձայնագիրը, եթե Բրազիլիայի իշխանությունները միջոցներ չձեռնարկեն Ամազոնիայի անտառները հրդեհներից պաշտպանելու համար: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է TACC-ը, արել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:

«Իռլանդիան ոչ մի դեպքում չի քվեարկի Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օգտին, եթե Բրազիլիան չկատարի շրջակա միջավայրի պաշտպանության իր պարտավորությունները»,- նրա խոսքը մեջբերել է Irish Independent թերթը:

ՄԵՐԿՕՍՈւՐ-ի երկրները (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և Պարագվայ) և Եվրամիությունը հունիսի վերջին համաձայնության են հասել ազատ առևտրի վերաբերյալ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում վերջին քսան տարվա ընթացքում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն ԵՄ-ի 28 երկրների և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի չորս մասնակիցների խորհրդարանները:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչև օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:

Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը:

Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել է քննադատությունը նախագահի և կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար:

Հրդեհների դեմ պայքարում Բրազիլիային իրենց օգնությունն են առաջարկել Արգենտինան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին և Էկվադորը: Հրդեհների կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «այդ արտակարգ իրադրությունն» անհրաժեշտ է քննարկել Բիարիցում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ