Իրավական
12:00 16/05/2020

Իշխանությունների այս մոտեցումը դատապարտելի է․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է դատավորների վեթթինգի ենթարկելու ու մի քանի այլ թեմաների։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտնի քննարկմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ չի իրականացվելու դատավորների համատարած վեթթինգ ու անցումային արդարադատություն։

Միաժամանակ հայտարավեց, որ իշխանությունը պատրաստվում է 50 տոկոսով բարձրացնել դատավորների աշխատավարձը։ Դատելով դատական համակարգից ստացվող ազդակներից՝ դատավորների մեծամասնությունն իշխանության այդ քայլն ընդունել է մեծ գոհունակությամբ և գնահատել է որպես նախկինում իրենց կատարած հանցագործությունների համար գործող իշխանության կողմից տրված ինդուլգենցիա։

Իշխանությունների այս մոտեցումն ու գործելաոճն անթույլատրելի է և դատապարտելի։ Նախ՝ որևէ պարագայում իշխանության այս քայլը չպետք է համարել որպես վեթթինգից հրաժարվելու վերջնական որոշում և բոլոր հնարավոր մեթոդներով պետք է հասնել դատավորների շրջանում համատարած վեթթինգի իրականացմանը։ Իսկ մինչ այդ, քանի դեռ չի իրականացվել դատավորների համատարած զտում, անհրաժեշտ է բացառել դատավորների աշխատավարձի բարձրացումը թեկուզ մեկ լումայով։ Բոլոր այն դատավորները, ովքեր անցած տարիների, տասնամյակների ընթացքում իրենց ապօրինի վճիռներով լեգալացրել են մարդկանց քաղաքական հետապնդումները, ունեզրկումներն ու բռնաճնշումները, ոչ միայն հարկատուների միջոցներից չպետք է ավել վարձատրություն ստանան, այլ պետք է հեռացվեն համակարգից։ Դատական համակարգում, անշուշտ կան նաև ազնիվ, իրենց գործին նվիրյալ դատավորներ, ովքեր առաջինը պետք է շահագրգիռ լինեն համակարգի զտմամբ և հանցավոր դատավորներին համակարգից հեռացմամբ։

Միևնույն ժամանակ անթույլատրելի է ազնիվ դատավորների կողմից այս հարցում մասնագիտական համերաշխության դրսևորումն ու հանդուրժողականությունը։ Ազնիվ դատավորները վեթթինգի գործընթացի ամենաառաջին շահառուներն են և նրանք ոչ միայն չպետք է պասիվ դիրքորոշում որդեգրեն ու առավել ևս ցուցաբերեն մասնագիտական սոլիդարություն, այլ իրենք պետք է լինեն զտման գործընթացի նախաձեռնողներն ու աջակիցները։

Առանց դատաիրավական համակարգի համալիր, համակարգային զտման այդ ոլորտում հնարավոր չէ իրականացնել համակարգային բարեփոխումներ։

Անցյալում հանցավոր, ապօրինի որոշումներ կայացրածները չպետք է արդարադատություն իրականացնեն նոր Հայաստանում՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այս հարցում իշխանության դիրքորոշումը։ 2018-ի թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել առավելապես արդարադատության վերականգման պահանջով և այդ հեղափոխությունն իրականացրած քաղաքացիները լեգիտիմ իրավունք ունեն հասնելու իրենց այդ պահանջի իրականացմանը։ Իշխանության հետ կամ առանց նրա», –  գրել է Բաբաջանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ