fbpx
Աշխարհ

Իշխանությունները Ստամբուլի հետ այլ հարթությունում են հաշվեհարդար տեսնում․ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Երվարդ Տանձիկյանը թուրքական կայքերից մեկում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումներին:

Հոդվածում Տանձիկյանն անդրադարձել է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի ընտրված քաղաքապետերի փոխարեն իշխանությունների կողմից պաշտոնակատար նշանակելու հարցին և առանձնացրել Թուրքիայի հասարակությունում ընդհանուր առմամբ խտրական վերաբերմունքը քրդաբնակ տարածքների հարցում:

Նա նշել է, որ փաստորեն Թուրքիայի հասարակության համար նորմալ է համարվում, որ Վանում, Դիարբեքիրում և Մարդինում ընտրված քաղաքապետերի փոխարեն պաշտոնակատարներ նշանակվեն (այդ քաղաքներում քաղաքապետ էին ընտրվել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP)), բայց, ըստ թուրքական մամուլի վերլուծության, նորմալ չէ, որ պաշտոնակատար նշանակվի Ստամբուլում կամ Անկարայում, որտեղ հաղթել են մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի ներկայացուցիչները (CHP):

Ըստ Եդվարդ Տանձիկյանի՝ իշխանությունները տարբեր քաղաքական և իրավական ձևեր են գտել իրենց ընդդիմախոսների դեմ պայքարելու համար: Փաստորեն, ըստ նրա, վերջին ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կորցրած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի հետ հաշվեհարդար է տեսել Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար կին քաղաքական գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ մոտ 10 տարվա ազատազրկման որոշման միջոցով:

«Իշխանությունները Ստամբուլի հետ այլ հարթությունում են ցանկանում հաշվեհարդար տեսնել: Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն դատապարտվում է այդ թվում 7 տարի առաջ իր կատարած հրապարակումների համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր կին գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուն դատապարտվել էր մոտ 10 տարվա ազատազրկման:

Այս մասին տեղեկացնում են Tert.am-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ