fbpx
Իրավական

Իշխանության պարտավորությունն է պաշտպանել Մամիկոն Ասլանյանի ընտրական իրավունքը և ապահովել նրա մասնակցությունը համայնքապետի ընտրությանը․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է սահմանադրական իրավունքից ու անդրադարձել այն խնդրին, որ չի ապահովվում Մամիկոն Ասլանյանի ընտրվելու և ընտրելու իրավունքը։

«Աչքովս ընկավ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պատասխանը պատգամավորներից մեկին, որը բարձրաձայնում էր Վանաձորի համայնքապետի ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ըտրվելու և ընտրելու սահմանադրական իրավունքի ապահովման մասին։

Անդրեասյանը պատասխանեց, որ, այո, սահմանադրական իրավունքը կա, սակայն իրենք չեն կարող ապահովել այդ իրավունքի իրացումը, քանի որ օրենսդրական բազա չկա։

Սա երկու բանի մասին կարող է խոսել. Իշխանությունը կա՛մ կամք չունի, որպեսզի ապահովի մարդու և քաղաքացու սահմանադրական բարձրագույն իրավունքները, կա՛մ խորապես չգիտի մարդու սահմանադրական իրավունքի առավելությունը օրենսդրության, օրենքի, առավել ևս օրենքի կամ օրենսդրության բացի հանդեպ։ Առաջինի դեպքում, եթե կասկած էլ հայտնենք, որ կամք չունեն ազատ արձակելու, խափանման միջոցը փոխելու կամ տեղափոխելու կայանալիք նիստին, որ իրացվի ընտրական իրավունքը, ապա երկրորդի դեպքում չենք կարող կասկածել՝ հաշվի առնելով Անդրեասյանի պրոֆեսիոնալիզմը։

ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ իրավական նորմերի աստիճանակարգության մեջ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հանրային իշխանությունները, տվյալ դեպքում Արդարադատության նախարարությունն ու իր ենթակա կալանավայրերը և դրանց ղեկավարները, պարտավոր են հարգել ու պաշտանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները։ Տվյալ դեպքում հիմնական իրավունք է Ասլանյանի ընտրական իրավունքը՝ ընտրելու և ընտրվելու որպես համայնքապետ։

Իսկ ի՞նչ կարող են անել բերդի պետը կամ նախարարը, որպեսզի պաշտպանվի սահմանադրական իրավունքը և դրա հետևանքով չկրեն քրեական կամ այլ պատասխանատվություն։ Պետք է հիմնավորում գրեն, ներկայացնեն, թե ինչու են պաշտպանում ՀՀ քաղաքացի Մամիկոն Ասլանյանի ընտրական իրավունքը և ապահովում նրան մասնակցել համայնքապետի ընտրություններին։ Իսկ ընթացակարգը կարող են ապահովել օգտվելով կամ հղում տալով այլ ընթացակարգերին, երբ ձերբակալված անձին համապատասխան մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղափոխում են կալանքի վայրից՝ պահելով հսկողության տակ, այնուհետև ետ վերադարձնում կալանավայր։

Իսկ ումի՞ց պետք է պաշտպանի ու պաշտպանվի նախարարը կամ կալանավայրի պետը Ասլանյանի ընտրական իրավունքը՝ գլխավոր դատախազի՞ց, քաղաքական մեծամասնությունի՞ց, Կառավարության ղեկավարի՞ց, թե՞ օտար ուժից։

Սահմանադրական անմիջական նորմի ակտիվ ապահովելը անալոգիայի միջոցով՝ ինչպես որ կալանավորվածին տեղափոխում են հարցաքննության կամ դատական նիստերին մասնակցելու, իսկ եթե չիրականացվի, հետևաբար այս իշխանությանը կարելի է համարել անուղղելի կամազուրկ, քանի որ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական կամ այլ կերպ ասած՝ համամարդկային իրավունքը, ինչը չի տարբերվում իշխանության յուրացումից», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ