Այսօրվա ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ կա կարմիր գիծ, և այն հատելու դեպքում իշխանությունները կրկին սահմանափակումներ կկիրառեն Հայաստանում։
Ըստ Փաշինյանի՝ սահմանափակումներին վերադարձը կլինի այն ժամանակ կամ այն դեպքում, երբ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին։
Ընդ որում, թեև դա ծանր հարված կլինի տնտեսությանը, բայց իրենք կգնան ավելի խիստ սահմանափակումների։
Վարչապետը ընդգծել է, որ արտակարգ դրության ժամկետը առնվազն 1-2 անգամ էլ կերկարացվի։ Նա տեղեկացրեց, որ փորձելու են կատարելագործել օրենսդրությունը, որ հակահամաճարակային միջոցառումները կարողանան իրականացնել նաև արտակարգ իրավիճակի պայմաններում։
Փաշինյանի խոսքերով՝ իշխանությունները չեն կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չեն կարող հաշվի չառնել համաճարակային իրավիճակը։ Ըստ այդմ, Փաշինյանի խոսքերով՝ պետք է գալ բալանսավորված լուծման։ Նա նշեց, որ այս պահին վստահ են, որ պետք է ևս մեկ անգամ երկարացնել ԱԴ ռեժիմի ժամկետը, բայց և աղոտ հույս ունեն, որ դրանից հետո երկարաձգման անհրաժեշտություն չի լինի։
Վարչապետն ասաց, որ ԱԴ ռեժիմը չերկարաձգելու միակ երաշխիք կարող է լինել մարդկանց անհատական ջանքը հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում։ Եթե այդպես չլինի, ու օրական գրանցվող վարակման դեպքերի թիվը հասնի 8-9 հարյուրի, ապա իրենք ստիպված կլինեն ավելի ցնցումային միջոցներ կիրառել։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2735732250082270/