fbpx
Աշխարհ

Իսրայելում կրկին խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում, ընդ որում՝ սա արդեն երկրորդ քվեարկությունն է վերջին կես տարվա մեջ: Ապրիլին անցկացված ընտրություններից հետո երկրի երկարամյա վարչապետը՝ «Լիքուդ»-ի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ: Դրա հետևանքով 21-րդ գումարման Քնեսեթը լուծարվեց՝ դառնալով ամենակարճաժամկետը երկրի պատմության մեջ:

«Հիմա գլխավոր հարցն է՝ Բիբին հինգերորդ անգամ կստանձնի՞ վարչապետի պաշտոնը, թե՞ վերջակետ կդնի իր բազմամյա քաղաքական կարիերային»,-գրում են լրատվամիջոցները:

Սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ ինչպես և անցած ընտրություններում, հիմա էլ Նեթանյահուի և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցի կուսակցությունները գրեթե հավասար վարկանիշ ունեն, մյուս կողմից՝ նրանցից որևէ մեկին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ստանալ ձայների մեծամասնությունը՝ միանձնյա կառավարություն ձևավորելու համար:

Երրորդ հորիզոնականում, ըստ հարցումների, պաշտպանության նախկին նախարար, ազգայնական Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունն է, որը նախորդ անգամ համառորեն մերժեց կոալիցիա կազմելու՝ Նեթանյահուի առաջարկը: Թե ինչ կասի նա այս անգամ, հայտնի չէ. եթե Նեթանյահուին այս անգամ էլ չհաջողվի համաձայնության գալ, երկրի նախագահը կարող է կառավարություն ձևավորելու իրավունքը հանձնել նրա մրցակցին՝ Գանցին: Հնարավոր մյուս սցենարով էլ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը կարող է նրան պաշտոնանկ անել ու առանց Բիբիի կոալիցիա կազմել գլխավոր մրցակցի՝ Բենիի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ