fbpx
Քաղաքականություն

Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

Անկարան տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի և բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում գրել է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Հայոց ցեղասպանությունը տերմին է, որը գործածվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները նկարագրելու համար, Թուրքիան տասնամյակներ շարունակ որպես քաղաքական կապիտալ է օգտագործել ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ»,- նշում է նա:

Թանկյանի խոսքով՝ Թուրքիայի վերջերս կատարած ներխուժումը Սիրիա անմիջականորեն ուղղված է քրդերի, հայերի և այս տարածաշրջանի այլ համայնքների դեմ, ու այն բացահայտել է անպատիժ մնացած մարդասպանի իրական դեմքը:

«Ամբողջ աշխարհի հայությունը բարոյալքվեց՝ դառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդական գյուղերի և խաղաղ բնակիչների ռմբակոծությունների վկան: Սա նման էր հարյուրամյա վաղեմություն ունեցող Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետևանքով առաջացած ապրումներին: Քրդերի և ամերիկացիների միությունը մեկ ժամում փլուզվեց Էրդողանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո»,-նշել է նա:

Թանկյանի խոսքով՝ իր ընկերների մեծ մասը ցնցված է այն բանից, որ Իսրայելը ևս պաշտոնապես չի ճանաչում Ցեղասպանությունը:

«Անկախ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական խնդիրներից՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բոլոր ջանքերը Իսրայելի և Թուրքիայի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման պատճառով»,-գրել է նա:

Թանկյանը նշել է, որ Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձև կընդուներ:

«Հայոց ցեղասպանությունը պետք է բոլորի համար պատմական կարևոր դաս լինի: Մարդկության դեմ անպատիժ հանցանքները, որոնք միջազգային հանրությունն անտեսում է տնտեսական կամ քաղաքական շահի համար, վերջին հաշվով գլոբալ աղետների կհանգեցնեն»,-եզրափակել է հայազգի երաժիշտը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ