Առողջապահություն

Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել Է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին և Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի և Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետև տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանցային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների և կինոթատրոնների փակում, ինչպես նաև առևտրային կենտրոնների, ռեստորանների և հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան և տոն օրերին: Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ