Իրավական
12:30 21/12/2019

Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատվեցին քրեական հետապնդումից

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը: Նաեւ դադարեցվել է քրեական հետապնդումը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում է Սասնա ծռեր համահայկական շարժումը:

«Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սէֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մի մեղադրանքով համաներման մասին օրենքի կիրառմամբ, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանի մյուս մեղադրանքով պատժի նվազեցմամբ կրած կալանքը բավարար համարելով, այսօր նրանց ազատեց քրեական հետապնդումից։

Վճռաբեկ դատարանը անմեղ չճանաչեց և չարդարացրեց պարոն Սեֆիլյանին և պարոն Սաֆարյանին, դրանով արձանագրելով, որ դատաիրավական համակարգում իշխանությունների ձեռնարկած բարեփոխումները տապալվել են և նախկին ռեժիմի դեմ հեղափոխության համար պայքարած հարյուրավոր քաղաքացիների քաղաքական գործերով հետապնդումները շարունակում են մնալ «իրավաչափ» «հեղափոխական» կառավարության օրոք։

Փաստում ենք, որ հանրային ճնշումը շարունակում է մնալ մեր երկրում արդարության վերականգնման միակ գործուն ուժը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին !!!»,- ասված է գրառման մեջ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ Գեւորգ Սաֆարյանը՝ 3,5 տարվա ազատազրկման:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մի քանի ամիս կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների խափանման միջոցը վերաքննիչ դատարանը փոխել էր երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո իրականացված համաներման ակտում Սեֆիլյանի եւ մյուսների մասով հատուկ կետ կար. նրանք համաներմամբ ազատվում էին պատժից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ