Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել բրիտանական The Sun պարբերականին՝ զրպարտության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը փաստաբանների ուղեկցությամբ ներկա է գտնվել նախնական լսմանը, որը տեղի է ունեցել Անգլիայի Գերագույն դատարանում:
Դեփը պարբերականի գործադիր խմբագիր Դեն Վուտոնի դեմ հայց է ներկայացրել 2018 թվականի ապրիլին հրապարակված հոդվածի համար, որում Վուտոնը Դեփին մեղադրում է նախկին կնոջ՝ Ամբեր Հերդի հանդեպ բռնության համար:
55-ամյա Դեփի իրավապաշտպան Դևիդ Շերբորնը նշել է, որ «կնոջը ծեծել» բառերն ավելի ուշ հեռացվել են համացանցում հրապարակված հոդվածից:
Դատական լսումը կմեկնարկի մարտի 23-ին և կտևի 10 օր: Այդ ընթացքում կդիտարկվեն երկու կողմերի ապացույցները:
Հերդը և Դեփն ամուսնացել էին 2015-ի փետրվարին: 15 ամիս անց դերասանուհին ամուսնալուծվել էր՝ որոշումը բացատրելով «անհաշտ տարաձայնություններով»։ Պաշտոնական բաժանումից հետո նա նախկին ամուսնուն մեղադրել էր ընտանեկան բռնության համար: