fbpx
Խորհրդարան

«Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»:

«Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ և քանի՞ ջրամբար եք կառուցելու»: Այս հարցի պատասխանը չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են: Այս հարցադրումներն ինձ իրավացիորեն տանում են մեկ տարի հետ, երբ մեր գործընկերների հետ հասկացանք, որ հայտնվել էինք մի պահի, ուր կա երկու ճանապարհ՝ կա´մ շարունակում ենք ապրել ճորտատիրական պայմաններում, կա´մ անիվը հանում ենք փոսից և կանգնում ենք զարգացման ճանապարհին: «Կա երրորդ ճանապարհ»,- հմտորեն մեզ փորձում էին համոզել մեր գործընկերները, «Չկա»,- ասում էինք մենք: «Բա ո՞րն է ձեր պլանը», հարցնում էին մեզ մեր գրասենյակում, հարցնում էին, երբ մարզերում էինք, հարցնում էին Երևանում, հարցնում էին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, մենք ասում էինք՝ պլանը մեկն է, քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և հաղթանակ»,- ասաց նա:

Միրզոյանը շեշտեց՝ կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց այդ շքեղ հաղթանակը: Նա ասաց՝ հարցերը կրկին նույնն են՝ ո՞ւր են ձեր թվերը, քանի՞ ջրամբար է կառուցվելու, ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ, իսկ պատասխանը կրկին նույնն է՝ լինելու են այդ ջրամբարները:

«Շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո. սիրում է կրկնել իմ սիրելի բարեկամ Էդմոն Մարուքյանը: Համաձայն եմ, բայց տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն և հարյուրապատիկ դժվար է լինել քաղաքացի: 1000 տարի առաջ կորցրինք պետականությունը, և հաջորդող տարիներին սովորեցինք ապրել պայմաններում, երբ խաղաղությունը մերը չէր, պատերազմը մերը չէր, ոստիկանությունը, բանակը մերը չէին, մերը մեր հողամասներն էին, ու բարձրացան պարիսպները մեր տների ու մնացած աշխարհի միջև, ու մինչ այժմ այդպես է, մարդը կապը չի տեսնում իր տան և պարիսպից դուրս գտնվող ճանապարհի, պահվող բանակի, հաղթանակի ու խաղաղության միջև, չկա այդ կապը, օբյեկտիվորեն այդպես է եղել: Մենք հաղթեցինք, պետականություն ձևավորեցինք, բայց անիվը էլի, Մեսչյանի խոսքերով ասած, հայտնվեց իր սիրած փոսում, հայտնվեցինք ճահճում»,- նշեց Միրզոյանը:

Նրա գնահատմամբ՝ մենք միայն բացառիկ էպիզոդներում կարողացել ենք լինել քաղաքացի և հանրույթ, ու այդ դեպքերում հաջողել ենք, Արցախյան շարժման, ազատամարտի տարիներին, ապրիլյան պատերազմի կարճ ընթացքում, այն դեպքում, երբ աշխարհում պատերազմների ժամանակ փախչում էին, Հայաստանում ներգաղթ էր: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպես էր նաև մեկ տարի առաջ, երբ կարողացան արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը և ապահովվեց նրա հաղթանակը: Միրզոյանի խոսքով՝ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին կարող ենք կանգնել, այս ծրագիրը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ Կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացու հավատն ու գիտակցությունը: Սա, նրա կարծիքով, Կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է, կհաջողվի՞, կիրականանա՞, կկառուցվե՞ն ջրամբարները, կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, կհաջողենք:

«Մենք օբյեկտիվորեն 1000-ամյակներ չենք իմացել՝ պետությունն ինչ է, իրավունքն ինչ է, սա է մեր խնդիրը, և այստեղ պիտի մենք ազգովի աշխատենք, քանի որ ջրամբարների կառուցման համար այլ տարբերակ չկա: Ֆունդամենտալ մոտեցում կա քաղաքագիտության մեջ՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, այն է՝ հաշվարկների ու բանականության տիրույթում է քաղաքականությունը: Եթե դա նույնիսկ այդպես է, շատ ավելի շատ քաղաքականությունը զգացմունքների հարց է, քանի որ եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու, ինչ շանսեր ունենք, երևի ոչինչ չսկսեինք, զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին: Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց է, ինձ համար հեղափոխության ամենագացմունքային պահերից մեկն էր, երբ այստեղ բոլորովին այլ մեծամասնություն էր, և Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց՝ «զզվում է ժողովուրդը ձեզնից, զզվում», էլեկտրականություն անցավ դահլիճում, ճշմարտության պահը դա էր: Մենք սիրում ենք իրար, մեր հայրենիքը, և պիտի ամեն ինչ անենք, որ ջրամբարները կառուցվեն»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ