Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի տնտեսվարողների համար, քանի որ նրանք կարող են մտնել իրանական շուկա։ Բայց կա նաև ռիսկ, որ 3 տարում կարելի է կորցնել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Ազգային ժողովում Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս ռիսկերը հիշեցրեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։
Նրան պատասխանեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ով նշեց, որ գյուղատնտեսական ապրանքների մասով սահմանվել են ժամկետներ, և Իրանից ԵԱՏՄ ներմուծումները կոնկրետ ժամանակահատվածում են լինելու արտոնյալ մաքսատուրքով, և դրանք այն սեզոններն են, երբ Հայաստանում նույն ապրանքը չի արտադրվում։