Իրավական
13:30 23/05/2020

Շորթման և խուլիգանության համար կալանավորվել է Վանաձորի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը, հայռնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի վերոնշյալ բնակիչը նույն քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում, 2020 թ. մայիսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում բազամաթիվ քաղաքացիների ներկայությամբ ընդգծելով իր անձի առավելությունը, տևական ժամանակ վիճաբանել է մի շարք անձանց հետ, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը որպես զենք օգտագործվող ատրճանակով կրակոցներ է արձակել, շուրջ 3 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 2-րդ մասի 3.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով՝ նախատեսված հանցագործությունները առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ