Այսօր ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակման թվերը մեծանում էին, իշխանությունները խստացնում էին հակահամաճարակային կանոնները։ Դա այն ժամանակ էր, երբ երկու հարյուր և ավելի վարակման դեպքեր էին գրանցվում մեկ օրում։
Ըստ նրա՝ քանի դեռ հիմա նույն քանակի վարակման դեպքեր են արձանագրվում, նշանակում է, որ նորից պետք է ուժեղացնել կանոնների պահպանումը։
Նախարարը նշել է, որ պետք է դեպքերի քանակն այնքան նվազեցնել, որ կորոնավիրուսի տարածումը արդեն հանրայնորեն վտանգավոր չլինի։ Չնայած դրան՝ որքան էլ քիչ լինեն վարակումները, ըստ Թորոսյանի, իրենք շարունակելու են թեստավորումների միջոցով հայտնաբերել վարակակիրներին, որ կորոնավիրուսը նորից չտարածվի։
Արսեն Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ամենաթեժ շրջանում վարակվածների թվում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում էր մինչև 650-ի, իսկ հիմա այդ թիվը նվազել է, հասնում է 350-ի։
Այսօրվա դրությամբ մոտ 300 մարդ ծանր վիճակում է, 68 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում է, թոքերի օդափոխության սարքերին միացած է 24 մարդ։ Սարքերին միացած մարդկանց թիվը նախկինում, ըստ Թորոսյանի, մինչև 50-ի էր հասնում։ Այս ամենի արդյունքում, ըստ նախարարի, նվազել է մահացության թիվը։
Թորոսյանը բացատրեց, որ որքան էլ իրենք աշխատանք տանեն, միևնույն է, 100 վարակակիրների մեջ միջինում 2 վարակակիր մահանում էր։ Եվ քանի որ վարակման դեպքերի թվերը նվազում են, ապա մահվան դեպքերի թվերը նույնպես նվազելու են։
Ըստ այդմ՝ նախարարի խոսքերով՝ մահճակալային բացազատված տեղերը հիմա հավաքվում են։ Այս պահին 28-ի փոխարեն 15 հիվանդանոց է զբաղվում կորոնավիրուսային վարակակիրների բուժմամբ։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1695146193994966/?epa=SEARCH_BOX