fbpx
Խորհրդարան

Տոտալիզատորների հաշիվներին կանխիկ եղանակով մուտքագրումը կարգելվի

Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցամբ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:

Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Արգելվելու է շահումը փոխանցել այն բանկային, քարտային, էլեկտրոնային փողի հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաև արգելվելու է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով:

Պապոյանի խոսքով` այս փոփոխությունները կառավարության որդեգրած` խաղամոլության դեմ պայքարի շրջանակում է:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ ընդունեց տոտալիզատորների գովազդն արգելող նախագիծ: Տոտալիզատորների գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, այդ գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև կայքէջերում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու նախագծով առաջարկվող փոփոխություններն ընդունելուց վեց ամիս անց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ