Կառավարություն
20:40 06/04/2020

Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին:

Նշվել է, որ տարեսկզբից մեկնարկել են վերը նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացները և նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը ևս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդիի ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ և այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ