fbpx
Զինված Ուժեր

14:41 6/2/2019

Ռազմական գործողությունները դադարեցնել վաղ փուլում և Հայաստանի շահերին համապատասխան․ կառավարության ծրագրի «ռազմական» մասը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որն այսօր քննարկվել է գործադիրի նիստում։

Ըստ այդ ծրագրի՝ կառավարությունը նպատակադրել է պետության պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար:

Այդ նպատակով, ըստ փաստաթղթի, իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։

 

 

Վերեվ