fbpx
Խորհրդարան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ. Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ասաց.

«Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ավելի արդյունավետ կառավարման իրական հնարավորություն ստեղծի և արտացոլի կառավարության հիմնական գերակայություններն ու առաջնահերթությունները»:

Նա ընդգծեց՝ կարևոր է, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները, հատկապես որ կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է որպես տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, իսկ մշակույթը հայ ինքնության հենասյուներից մեկն է:

Պատգամավորը նաև ասաց՝ հնարավոր չէ երկրում մրցունակություն բարձրացնել և արդյունաբերություն զարգացնել՝ առանց տեխնոլոգիական վերազինման, ապա հետաքրքրվեց՝ ո՞վ է պատասխանատու դրանց համար:

Զեյնալյանն արձագանքեց, որ երկրում իրականացվող քաղաքականության համար պատասխանատու է կառավարությունը:

«Չկա որևէ ոլորտ, որ դուրս մնացած լինի կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկը և կառավարության կառուցվածքը կրկնեն մյուսին, ամենուրեք պետական կառավարում է իրականացվում: Չկա ունիվերսալ բանաձև նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում քաղաքականությունը շարունակվելու է իրականացվել:

Պատգամավորներից  Հրանտ Մադաթյանն էլ հարցրեց.

«Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություններից ենթադրվում է, որ «Հայանտառ» կազմակերպությունը միավորվելու է Բնապահպանության նախարարության հետ։ Այդ դեպքում նախարարությունը և՛ իրականացնելու է անտառների հետ կապված գործառույթը, և վերահսկելու է ինքն իրե՞ն»։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության մի օղակը իրականացնելու է գործակալական ֆունկցիան, մյուսը վերահսկելու է սրան։ Իսկ ամբողջական նախարարությանը վերահսկելու են կառավարությունը, իրավապահները, վերահսկող մարմինները և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ