fbpx
Կառավարություն

2 փոխվարչապետ, 12 նախարարություն․ կառավարության կազմը կկրճատվի

Հայաստանը 3-ի փոխարեն կունենա 2 փոխվարչապետ, 18 նախարարության փոխարեն՝ 12 նախարարություն։ Այս մասին ասվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծում, որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա թվարկեց հետևյալ փոփոխությունները։

– Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

– Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

– Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

– Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

– Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

– Բնապահպանության նախարարությունը անվանափոխել Շրջակա միջավայրի նախարարություն:

Սրա արդյունքում Հայաստանն ընդհանուր առմամբ կունենա հետևյալ նախարարությունները․

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  2. Առողջապահության նախարարություն,
  3. Արդարադատության նախարարություն,
  4. Արտակարգ իրավիճակների նախարարություն,
  5. Արտաքին գործերի նախարարություն,
  6. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  7. Շրջակա միջավայրի նախարարություն,
  8. Պաշտպանության նախարարություն,
  9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  10. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
  11. Էկոնոմիկայի նախարարություն,
  12. Ֆինանսների նախարարություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ