Կառավարություն

Կառավարությունը դեմ է ծառայության 1 տարին լրանալուց հետո զինծառայողներին դիրքեր ուղարկելու ԲՀԿ առաջարկին

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում է ԲՀԿ պատգամավորների ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել նրանց ծառայության առնվազն 1 տարին լրանալուց հետո։

Կառավարության անունից Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է ներկայացրել, որով մերժում է այդ նախագիծը։ Նշվում է, որ հաստատված մար­տա­կան պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթա­պահությունում ընդգրկվելու համար: Այսինքն`որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապա­հու­թյան մեջ:

«Ներկայացված նախագծի համաձայն` վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և՛ թե մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծով նախարարությունն առաջարկում է անփոփոխ թողնել կարգավորումները, այսինքն՝ բացասական եզրակացություն տալ ԲՀԿ պատգամավորների առաջարկած նախագծին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ