«Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրերի և համակարգային բարեփոխումների հասարական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Պատվարժան քաղաքացիներ,
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ն ստացել է իր կողմից ՀՀ վարչապետին ուղղված տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանը, ինչը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ: Պատասխանում անդրադարձել են տարբեր հարցերի, որոնք կներկայացնենք հաջորդիվ, այդ թվում նաև խոսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից քննարկվող՝ ՀԴՄ կտրոնների նկատմամբ հանրային հսկողական նույնականացման (ID) քարտերը՝ որպես կուտակային (cashback) քարտեր օգտագործելու միջոցով համակարգ ներդնելու ռիսկերից։
Ցանկանում ենք հրապարակել ռիսկերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև պատկան մարմիններից ստանալ պարզաբանում, թե ինչպես են չեզոքացվելու ռիսկերը, և, թե պատրաստ են համագործակցել մեր կողմից առաջարկվող էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված, որը զերծ է նման ռիսկերից։
Ռիսկերի մասին մասնավորապես ասվում է․
1. ՀՀ գործող հարկային համակարգում առկա են բավական մեծ թվով հարկման այլընտրանքային (հատուկ) համակարգեր, որոնց շրջանակներում հաշվարկվող հարկային պարտավորությունները կապված չեն իրացման շրջանառության մեծությունների հետ կամ որոնց շրջանակներում գործող հարկ վճարողներն ընդհանրապես ազատված են հարկերից: Վերոգրյալը նշանակում է, որ առաջարկվող համակարգի ներդրման արդյունքում շեշտակի աճելու է «գայթակղությունը»՝ ունենալու նշյալ համակարգերում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից դուրս գրվող ՀԴՄ կտրոններ, քանի որ մի կողմից այդ կտրոններում արտացոլված իրացման շրջանառությունները այն դուրս գրող հարկ վճարողի համար հարկային հետևանքներ չեն առաջացնելու, մյուս կողմից ՀԴՄ կտրոնը ստացող քաղաքացիներին հնարավորություն է տալու պետական բյուջեից հետ ստանալ որոշակի գումարներ, որոնք կարող են մի քանի անգամ մեծ լինել այդ կտրոնները դուրս գրող հարկ վճարողների կողմից հարկի տեսքով պետական բյուջե վճարված գումարներից: Այստեղ թերևս տեղին է նշել, որ մինչև 18 մլն. դրամ իրացման շրջանառություն ունեցող ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատված են բոլոր տեսակի հարկերից։ Ավելին, ինչպես հայտնի է, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից ներդնել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում արդեն մինչև 20 մլն. դրամ իրացման շրջանառություն ունեցող բոլոր տնտեսավարող սուբյեկտներն ազատվելու են բոլոր տեսակի հարկերից:
Վերոգրյալի կապակցությամբ, տեղին է նշել նաև «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների մասին, որոնց շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն ազատված են ձեռնարկատիրական գործունեության համար հարկային օրենսդրությամբ սահմանված հիմնական հարկերից։
2. Հայաստանի Հանրապետությունում գործում են շրջանառության հարկ վճարող համարվող՝ առևտրական գործունեություն իրականացնող բավական մեծ թվով տնտեսավարող սուբյեկտներ, և մեր կողմից կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ վերջիններիս կողմից պետական բյուջե վճարվող շրջանառության հարկի գումարը իրենց շրջանառության նկատմամբ կազմում է միջինը 2.4 տոկոս: Այսինքն, հայտարարագրված լրացուցիչ շրջանառություններից պետական բյուջեի եկամուտները ավելանալու են առավելագույնը այդ շրջանառությունների 2.4 տոկոսով: Մինչդեռ, համակարգի վերաբերյալ ներկայացված նախնական հայտարարություններով նախատեսվում է քաղաքացիներին վերադարձնել իրենց կողմից կատարված ծախսերի 2-3 տոկոսը: Ակնհայտ է, որ այս դեպքում համակարգը պետական բյուջեի վրա ունենալու է ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն:
«Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրերի և համակարգային բարեփոխումների ՀԿ», – ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ElectricArmenia/photos/a.951340698249306/2341694485880580/?type=3&theater