Սպորտ

Կարևոր է ցանկացած մրցման ժամանակ ունենալ գրագետ մրցավար. Ավետիք Վարդանյան

Ղազախստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաև մրցավարական կազմում։ Ավետիք Վարդանյանը պատմել է մրցավարների աշխատանքի, Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության և այս աշխատանքի յուրահատուկ կողմերի մասին․

«Մեծահասակների 4-րդ աշխարհի առաջնությունն է, որտեղ աշխատում եմ որպես մրցավար։ Ամենաբարդն է իմ սպասարկած 4 ԱԱ-ների մեջ, քանի որ սա նախաօլիմպիական աշխարհի առաջնություն է, և միայն ես չեմ այդ կարծիքին, դրա մասին խոսում են բոլոր մրցավարները։ Մրցակցությունը բարձր է, քանի որ աշխարհագրությունն է մեծացել և մարզիկներն իրենց կարողություններով հավասար են, իսկ պայքարը Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար ամեն ինչ ավելի է թեժացնում։

Կա ևս մեկ հանգամանք․ այս անգամ ուղեգրերը կրճատվել են, նախորդ Խաղերում ամեն քաշային կարգում կարող էր լինել 20 մասնակից, այս անգամ՝ 16, անցյալ անգամ 7 օլիմպիական քաշային կարգ էր, այս անգամ՝ 6: Լարվածությունը մեծ է, ամեն ինչ գագաթնակետին է հասել։

Մեզ համար էլ պատասխանատվությունն է մեծ, քանի որ, հնարավոր է, մարզիկի մարզական ուղղու վրա ազդի անգամ ամենաթեթև սխալը։ Ես, լինելով մարզիչ, այդ ամենը լավ եմ պատկերացնում, դրա համար դատելուց ցույց եմ տալիս այն, ինչ գորգում տեսնում եմ, որ ոչ մի մարզիկի ճակատագրի հետ չխաղամ»,-ասաց նա։

Հնարավոր է՝ Ավետիք Վարդանյանն ընդգրկվի Տոկիո-2020-ի մրցավարների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանի՝ ցանկացած առաջնության կամ մրցման ժամանակ մրցավար ունենալն ունի իր կարևորությունը.

«Որպես մարզիչ խոսեմ, թե որքանով է կարևոր լավ ու ուժեղ մրցավար ունենալ ցանկացած մրցման ժամանակ, հատկապես՝ Օլիմպիական խաղերում։ Եթե գնում ես մրցման և քեզ հետ լինում է ուժեղ մրցավար, որին ճանաչում են և հարգում, գորգ մտնելիս մեր ըմբիշներին մյուս մրցավարներն ավելի ուշադիր են վերաբերում»։

Զրույցի վերջում Ավետիք Վարդանյանն ավելացրեց, որ Տոկիո-2020-ի մրցավարական վերջնական կազմը հայտնի կլինի 2020-ի մայիսին, իսկ մինչև այդ մի քանի փուլ էլ են անցնելու՝ սպասարկելով մայրցամաքային առաջնությունները և Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարը։

Ավետիք Վարդանյան․ Կարևոր է ցանկացած մրցման ժամանակ ունենալ գրագետ մրցավար։

Աղբյուրը ՝ www.armnoc.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ