fbpx
Քաղաքականություն

Կարևորվել է Իրանի և Հայաստանի իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը

Դեկտեմբերի 19-21-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը:

Պատվիրակության կազմում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։

Այցելությունը 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում էր:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Մաջիդ Միրահմադիի և անվտանգության գլխավոր վարչության պետ Հոսեյն Մահդավիի հետ, որի ընթացքում կարևորվեց երկու երկրների իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի Սահմանապահ ծառայությունում, Կրթահամալիրում և Միջազգային ոստիկանությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ Հադի Շիրզադի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում՝ մատնանշելով հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև կապերը կոնտակտային անձանց միջոցով, կազմակերպել ՀՀ ոստիկանության ծառայողների համար մասնագիտացված վերապատրաստումներ ԻԻՀ ոստիկանական կրթական հաստատություններում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։

Այցի արդյունքում ստորագրվեց հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի հրամանատարության նիստի արձանագրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ