fbpx
Քաղաքականություն

Կարևորվել է հայ-իրաքյան միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ու անդամները մայիսի 14-ին հանդիպել են Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում: Նա տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներին առևտրաշրջանառության լուրջ աճ է գրանցվել և ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Իրաքի հետ սերտ համագործակցության:

Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդին նշել է, որ հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն: Շնորհավորելով խորհրդարանական բարեկամական խմբի կազմավորման կապակցությամբ՝ տիկին Սալման կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորություններին՝ ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա փաստել է, որ առկա է երկկողմ համագործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ երկու ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ, և պետք է ցեղասպանությունների ճանաչման հետ կապված աշխատանքներ տարվեն: Նա նշել է, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և հայ հասարակությունը մեծ ցավով է ընդունել մարդկային կորուստների, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են քուրդ, եզդի, ասորի ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը, ինքնավարությանն ու անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի: Պատգամավորները մտքեր են փոխանակել էլեկտրաէներգիայի, ինտերնետի արտահանմանը, Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, իրաքյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ