fbpx
Կրթություն

Բարձրունի համայնքի միջնակարգ դպրոցում կառուցվել է ապահով սենյակ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի համայնքի միջնակարգ դպրոցում կառուցվել է «ապահով սենյակ»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այն նախատեսված է փոքր տրամաչափի հրազենից և բեկորներից երեխաներին պաշտպանելու համար: Սենյակն ապահովված է խմելու ջրի և առաջին օգնության պարագաներով, լապտերներով, ծածկոցներով։

«Կարմիր խաչի օգնությամբ պատրաստվել և վերանորոգվել է ապահով սենյակը։ Այնտեղ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար, նստարաններ են տեղադրվել, կան տաք վերմակներ. ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր լինի 2-4 ժամ անցկացնել, մինչև օգնությունը հասնի»,-ասաց Բարձրունիի դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանը՝ , որ սենյակը հագեցած է նաև էլեկտրական մարտկոցներով, որպեսզի հնարավոր լինի լուսավորություն ապահովել:

Դպրոցի տնօրենը նշեց, որ կրակոցներ լսվելու դեպքում հնչելու է ազդանշան, որից հետո դպրոցի աշխատակազմը համապատասխան կարգով գնալու է «ապահով սենյակ»:

«ԱԻՆ-ի աշխատակիցները դպրոցում մարզումներ են անցկացրել և սովորեցրել, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակում և ինչպես արագ թաքնվել ապաստարանում»,- հավելեց Ավետիսյանը։

Բարձրունի դպրոցում սովորում է 31 աշակերտ՝ 12 դասարաններից չի ձևավորվել միայն 3-րդ դասարանը: Ավետիսյանի խոսքով՝ դպրոցի հիմնական խնդիրը ջեռուցման համակարգի բացակայությունն է։

«Մենք դասասենյակները տաքացնում ենք սովորական էլեկտրական տաքացուցիչներով, իսկ միջանցքը ու զուգարանները չեն ջեռուցվում։ Երեխաները ձմռանը գրեթե դուրս չեն գալիս դասարաններից»,-նշեց Ավետիսյանը։

Դպրոցում նաև պատուհաններն ու դռները փոխելու կարիք կա։ Դպրոցի տնօրենը ասաց՝ իշխանությունները խոստացել են առաջիկայում լուծել այդ խնդիրները։

Ավետիսյանի խոսքով՝ ուսուցիչների մի մասը գյուղի բնակիչներ են, մյուսները գալիս են Վայքից։

«Դպրոցում ֆրանսերենի մասնագետ չկա, բայց պայմանավորվել են Գյումրու ուսուցչի հետ, նա տեսակապով դասեր է անցկացնում։ Կարմիր խաչը և մյուս դոնորները դպրոցն ապահովել են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջանում ինտերնետի և լույսի հետ։ Երեխաները հիմնականում լավ են սովորում։ Նրանք հասկանում են`դպրոցում լավ սովորելը կրթություն ստանալու միակ հնարավորությունն է, գյուղում այլ հնարավորություններ չկան»,- եզրափակեց Ավետիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ