Բժշկական համալսարանում կառուցվում է ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն-Azat TV
Կրթություն
16:25 21/12/2021

Բժշկական համալսարանում կառուցվում է ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

«Միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ: Կենտրոնի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը» կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ` ապահովելով մրցունակություն եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շարքում:

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման պատմությունը վերջերս ներկայացվել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Euraxess–Հայաստան պորտալի շնորհանդեսին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նորաստեղծ կենտրոնում փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու են նյութափոխանակության խանգարման աստիճանը, փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում: Կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները որոշիչ լինեն միջազգային գիտական քարտեզի վրա Հայաստանի տեղը բարձրացնելու առումով:

Կենտրոնի ստեղծումը կնպաստի ԵՊԲՀ ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:

ԵՊԲՀ-ի՝ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ‹‹Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի›› հիմնումը համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնակի կարևորություն ունի:

Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության նպատակով մշակվել է ընդգրկուն ծրագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ