fbpx
Մարզեր
00:00 18/01/2020

Կասեցված շինթույլտվությամբ շինարարությունը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան

Ֆիզիկական անձը, որ ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին վաճառել է Դավիթ Սուքիասյան անունով անձին, որը ՀՔԾ գլխավոր քարտուղարն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

«Կասեցված շինարարական թույլտվությամբ շինարարությունը շարունակվում է, իսկ համայնքի ղեկավարը որևէ ակտիվ գործողություններ չի անում, ավելի շուտ պասիվ անգործության շնորհիվ տնտեսվարողներն իրենց ապօրինի շինարարությունը շարունակում են։ Այս ամբողջ տարածքը՝ մոտ 53 հա, դեռևս 1997 թվականին հանձնվել էր Արզնի թռչնաֆաբրիկային, նրանք օրինական օգտագործողներն էին և շարունակում էին վարձակալել մինչ օրս, վարձավճարներն էլ ժամանակին մուծում են»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ մինչդեռ 2018 թվականի մարտին Արզնի համայնքի որոշմամբ այս մեծ տարածքից 1,8 հա հողատարածք աճուրդով վաճառվել է, առանց հաշվի առնելու, որ տարածքը վարձակալած է, առանց հաշվի առնելու վարձակալի նախապատվության իրավունքը, որ ինքը սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերի։

«Այն ֆիզիկական անձը, որ ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին վաճառել է Դավիթ Սուքիասյան անունով անձին, որը ՀՔԾ գլխավոր քարտուղարն է»,-նշեց նա։

Արթուր Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ այս ամենում կոռուպցիոն գործոններ կարող են լինել, քանի որ հողատարածքը հատկացվել է դեռևս նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի օրոք, իսկ Գուլոյանը և Սուքիասյանը մտերիմներ են, նրանք մի ընկերության համահիմնադիրներ են նույնիսկ։

«Ապօրինաբար հողատարածքը տրամադրվել է Դավիթ Սուքիասյանին, երբ այստեղ հողային աշխատանքներ են սկսել իրականացվել, Արզնի ընկերությունը դիմել է շինարարություն կատարողներին և համայնքի ղեկավարներին, և Արզնի տոհմային ֆաբրիկային ցույց են տվել շինթույլտվությունը, որը վիճարկվել է ֆաբրիկայի կողմից։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել բողոքը, որի պահից կասեցվել է շինթույլտվությունը։ Դիմել ենք համայնքի ղեկավարին, որ ծանուցի շինարարներին պատշաճ կարգով կասեցնեն շինարարությունը»,-պատմեց նա։

Հովհաննիսյանը հավելեց, որ համայնքի ղեկավարն ասել է, թե էլեկտրոնային հասցեով կուղարկի, կսպասի պատասխանին, առ այսօր շինարարությունը շարունակվում է։

«Ավելին նույն տարածքում այլ կազմակերպության է համայնքի ղեկավարը շինթույլտվություն տվել, որը ևս վիճարկվում է և որը ևս կասեցվել է»,-հավելեց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ