fbpx
Հասարակություն

Նավասարդյան․ «Կասկածելի գործընթացներ ենք հասցրել արձանագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթում»

Մարտի 25-ից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը սկսել է ստուգել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված մասնակիցների փաթեթները, դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը:

5 անդամից բաղկացած հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լևոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց՝ նախկինում չէին էլ հետևում Հանրայինի խորհրդի նախագահի, կամ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթներին, որովհետև գիտեին, որ կընտրվի կոնկրետ մեկը, որին ցանկանում է նշանակել իշխանությունը:

«Թեև այսօր բոլորովին այլ իրավիճակ է, բայց մենք հասցրել ենք արձանագրել մի քանի կասկածելի գործընթացներ»,-ասաց Նավասարդյանը՝ մտահոգություն հայտնելով, որ 2018-ին ձևավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի որոշ անդամներ այնպես չեն առաջադրվել, ինչպես կարգն էր:

«Ժամանակին որոշակի կասկածներ են եղել նաև մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ կապված, հետագայում դա հարթվեց»: Նավասարդյանը կասկածի տակ է առնում մրցութային հանձնաժողովի անդամներից մեկ անձի, խոսքը Համլետ Գասպարյանի մասին է, որն առաջադրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:

Երևանի մամուլի ակումբի նախագահը նկատեց, որ Համլետ Գասպարյանն ընտրվել է այն հանձնաժողովի կողմից, որի նախագահն այսօր խորհրդի նախագահի թեկնածուների թվում է. խոսքը՝ ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մասին է:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել է մարտի 21-ին, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 23 թեկնածուներ, որոնց թվում է նաև հունվարի 29-ից ՀՌՀ նախագահ ընտրված Տիգրան Հակոբյանը: Խորհրդի նախագահի պաշտոնում վերջինիս առաջադրումը շատերի սրտով չէ, և դա ակնհայտ է:

Նավասարդյանը նկատեց, որ չնայած օրենքը որևէ կարգավորում չունի և սահմանափակումներ էլ չկան, այնուամենայինիվ այն անձը, որն օրենքով ձևավորում է մրցութային հանձնաժողով և հաստատում է հանձանաժողովի անդամներին, հետագայում առաջադրվելով՝ միանշանակ առաջացնում է շահերի բախում: «Ստացվում է՝ իրենց մասին որոշում են ընդունելու նրանք, ում ժամանակին հաստատել են իրենք»,-ասաց նա:

«ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելն օրենքով չի արգելվում, այն ավելի շատ էթիկայի տեսանկյունից է սխալ: Հետագայում անհրաժեշտ է այդ հարցը ևս օրենքով հստակեցնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում մրցութային հանձնաժողովի վերաբերյալ, իրավունք չունենան իրենց թեկնածությունն առաջադրել»,-ասաց Նավասարդյանը՝ վստահեցնելով, որ եթե ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամներից գոնե մեկին ՀՌՀ-ն է ընտրել և հաստատել, սա արդեն հուշում է, որ ակնհայտ շահերի բախում կա:

Այնուամենայնիվ, Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ գոնե այս անգամ կարելի է որոշակի անաչառ ընտրություն ակնկալել, քանի որ մրցութային հանձնաժողովի անդամների գոնե կեսը փորձառու մարդիկ են, իրենց գործում պրոֆեսիոնալներ: Վերջինիս բնորոշմամբ՝ թեև նախորդ տարիների համեմատ մրցույթը բավականին բաց է ընթանում, այնուամենայնիվ, թե՛ հանձնաժողովում, և թե՛ մրցույթի մասնակիցների թվում շատ են այն մարդիկ, որոնք աղոտ են պատկերացնում Հանրային հեռուստաընկերության գործառույթները:

Անդրադառնալով ՀՌ հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրմանը, Նավասարդյանը չբացառեց, որ Բունիաթյանի՝ ՀՌ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելը ներքին պայմանավորվածության արդյունք էր:

ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ հայտնեց, որ Հանրայինի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը գիտակցված որոշում է եղել: ՀՌՀ նախագահը նշեց, որ տեղյակ է նաև իր հասցեին հնչեցված քննադատություններին. «1988 թվականից ես քննադատվում եմ, չի քննադատվում այն մարդը, որը ոչինչ չի անում»:

Տիգրան Հակոբյանը նկատեց, որ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրման դրդապատճառ եղել է ներկայումս իր իրականացրած իրավական և վարչարարական գործառություները՝ որպես հանձնաժողովի նախագահ: Հակոբյանը նկատեց, որ այդ աշխատանքն իր համար փոքր ինչ ծանր է. «Քանի որ ես բնույթով ստեղծագործող եմ, և գրեթե 30 տարի ստեղծագործել եմ, վարչարարական աշխատանքն այնքան էլ իմը չէ: Այս 25 տարիների ընթացքում ես կամաց-կամաց հասկացել եմ, թե ինչ բան է հանրային հեռարձակումը Հայաստանում և աշխարհում»:

ՀՌՀ նախագահը հայտնեց, որ դնելով իր թեկնածությունը՝ նաև մի փոքր խորամանկել է, որպեսզի ունենան ավելի կոշտ ու հետաքրքիր մրցակցություն: Մեր հարցին, թե ՀՌ հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը չէ՞ր կաշկանդում արդյոք խորհրդի նախագահի ապշտոնում առաջադրվել, Տիգրան Հակոբյանը ասաց, որ որոշ չափով կաշկանդում էր, սակայն կարողացավ հաղթահարել:

«Ինչը օրենքի սահմաններում է՝ ինձ չի կաշկանդում, մնացածը պատրաստ եմ ընդունել՝ ե՛ւ քննադատություն ե՛ւ քաջալերում: Եթե նույնիսկ չանցնեմ, իմ ներկայացրած հայեցակարգը կարող է օգտակար լինել հաղթողին»,-ասաց նա:

ՀՌ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ չի կարծում, թե մրցույթի մասնակիցների թվում առաջինն է, սակայն չի էլ մտածում, թե շանսեր չունի. «Ես շարքային հավակնորդ եմ, ունեմ իմ կենսագրությունը, իմ տված նամակը, մնացածը հանձնաժողովի որոշելիքն է: Ցանկացած որոշում ըմբռնումով կընդունեմ և կշարունակեմ իմ աշխատանքը: Եվ եթե հանկարծ ազդակներ հասնի, որ ես փորձում եմ ինձ համար մրցակցային առավելություններ ստեղծել, թող դա հրապարակեն»:

ՀՌՀ-ից հայտնում են, որ ուսումնասիրման գործընթացը կտևի 10 օր: Ընտրության վերջնական որոշումը կկայացվի մինչև ապրիլի 1-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ