fbpx
Իրավական

Կատարվածը վայրագություն էր, 5 տարեկան թոռնիկը վախից չի խոսում․ «Վստրեչի Ապերի» պաշտպաններ

Արամ Վարդանյանի` «Վստրեչի Ապերի» շահերի ներկայացուցիչ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լրագրողներին ներկայացրին, թե ինչ է տեղի ունեցել երեկ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող նրա տարածքում:

«Անհասկանալի է, թե ինչո՞ւ են ոստիկանները գիշերը 02.40-ի սահմաններում մուտք գործել բնակարան, նույնիսկ չեն ասել, թե ինչ պահանջ են ներկայացնում, չեն սպասել, որ դուռը բացվի, կոտրել են պատուհաններն ու ներս մտել»,-ասաց Լուսինե Սահակյանը: «Վերջին շրջանում Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված՝ 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել, և անձինք, որոնք որևէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ` հարազատ, բարեկամ, ընկեր, հայտնվել են տեսադաշտում, բերման են ենթարկվել, բռնություն է գործադրվել նրանց նկատմամբ: Բոլոր դեպքերում ապօրինի են բերման ենթարկվել, մտացածին պատճառներով, իբր զենք-զինամթերք պահելու կասկածանքով»,-ասաց տիկին Սահակյանը:

Նրա խոսքով. «Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարում էր, որ բոլորին պետք է ասֆալտին փռեն … Մենք այդպես էլ չհասկացանք, թե ում էին ցանկանում ասֆալտներին փռել, որովհետև այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում, վստահ որևէ կերպ որևէ առնչություն չունեին այսպես ասած, քրեական ենթամշակույթի հետ… Այս ամենն արդեն գազանության հասավ երեկ գիշեր, երբ 2-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին տների տարածքները, մեկական մետրի վրա կանգնած էին, և 100-ին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տարբեր տներ, և ոստիկաններից ոչ ոք բացատրություն չէր տալիս, թե ինչ նպատակով են հայտնվել այս տանը և ինչ են ուզում անել այստեղ: Երբ մենք ավելի ուշ հայտարարություն տարածեցինք, պարզվեց, որ իբր ձերբակալման որոշում են ունեցել»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ գործի մասին է խոսքը, որովհետև իրենց ոչինչ չի ներկայացվել, թեև պահանջել են բացատրություն տրվի, թե ինչու են ներխուժել, կոտրել ամեն ինչ, ինչու են բռնություններ եղել. «Բավականին երկար ժամանակ ոստիկանները կոտրում էին նաև մեր ներկայությամբ, որևէ մեկը մեզ որևէ բացատրություն չի տվել: Այդ ամենը տեսանկարահանվել է, մենք հետագայում նաև այդ կադրերը կտարածենք, որպեսզի հանրությունը տեղեկանա»:

Նա հայտնեց նաև, որ ոստիկանների մի մասը դիմակավորված է եղել. «Էրեբունու ոստիկանապետն անձամբ այստեղ էր և մտել էր տարածք, մեր որևէ հարցին, որևէ պատասխան չտրվեց… Ոստիկանները հատուկ նպատակով կոտրում էին ամեն ինչ, սեփականատիրոջը` Արամ Վարդանյանի որդուն առաջին իսկ պահից բերման էին ենթարկել, տանը գտնվող տղամարդկանց բերման էին ենթարկել…Եթե դա խուզարկություն էր, իսկ դա խուզարկություն էր, ապա պետք է դատարանին թույլտվությունը լիներ և սեփականատիրոջ ներկայությամբ արվեր»,-հայտնեց նա:

Երվանդ Վարոսյանն էլ հավելեց. «Մենք երեկ ողջ օրն ասել ենք` հարգելիներս, ձեր այստեղ գտնվելու իրավական հիմքը կներկայացնե՞ք, դատարանի կամ այլ որոշում ունե՞ք, տիկին Սահակյանին ոչինչ չպատասխանեցին, ինձ ասացին` ինչ անում ենք լավ ենք անում»: Պարոն Վարոսյանը կատարվածը վայրագություն է որակում: «Երբ ես ներս մտա, տեսա, որ Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռանը` աղջիկ երեխայի, որ մոր գրկին դողում էր, իսկ դիմակավորված ու ատրճանակները ձեռքներին ոստիկանները վազվզում էին, դա ուղղակի զարհուրելի էր»:

Փաստաբանները հայտնեցին, որ կան 2 ձերբակալված և բազմաթիվ բերման ենթարկված անձինք: Նրանք դիմել են դատարան և վիճարկում են ձերբակալումը: Դառնալով Արամ Վարդանյանի 5-ամյա թոռնիկին` Լուսինե Սահակյանն ասաց. «Երեխան տուժել է, երեխան վախի արդյունքում հիմա չի խոսում»:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ