fbpx
Առողջապահություն

«Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է բարդ, եզակի վիրահատություն

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

««Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է բարդ, եզակի վիրահատություն ՝ սրունքի ճարպոնի փոխպատվաստում, որի արդյունքում փրկվել է հիվանդի ոտքը։

Հիվանդ՝ Ս․Ս․ 38 տարեկան դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություն, խցանող էնդարտերիտ բյուրգերի հիվանդություն ախտորոշմամբ: Անոթային վիրաբուժության մեջ այս հիվանդությունը համարվում է ամենավտանգավոր, չարորակ ընթացք ունեցող հիվանդություն , որը հաճախ պատճառ է հանդիսանում հաշմանդամության, վերջույթների անդամահատումների։

Հիվանդությունը շատ դժվար է ենթարկվում կոնսերվատիվ, դեղորայքային բուժման և վիրահատական միջամտության արդյունավետությունը հիմնականում ցածր տոկոս է կազմում:

Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ պայմանավորված հաշմադամությունը զբաղեցնում է առաջին տեղը , հիվանդությունը ախտահարում է մինչև 50 տարեկան անձանց, այսինքն երիտասարդ սերնդին:

Կլինիկա դիմած հիվանդը նախկինում բուժումներ է ստացել այլ կլինիկաներում, սակայն արդյունքը ցածր է եղել և առաջացել է փտախտ: Շարունակել է ծխել, որը խիստ հակացուցված է այս հիվանդության ժամանակ:

Կլինիկա դիմելիս մասնագիտական թիմը հաշվի է առել հիվանդության ախտահարման առանձնահատկությունը, տարիքը, և փտախտի (գանգրենա) խորության աստիճանը, որովհետև հիվանդը դիմել է արդեն ոտքի փտախտով, սևացած վերջույթով, սաստիկ ցավերով: Ընդունել է նարկոտիկ անալգետիկ ցավազրկողներ:

Որոշում է կայացվել կատարել համալիր, վերականգնողական վիրահատություն՝ սրունքի ճարպոնի փոխպատվաստում: Նման բարդ վիրահատություն ՀՀ-ում կատարվել է 4 անգամ՝ «Շենգավիթ»ԲԿ-ի «Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության» ղեկավար, բ․գ․թ․, անոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Արա Թադևոսյանի կողմից:

Կատարվել է անոթների անուղակի վասկուլյարիզացիա (անոթավորում) անուղակի ռեվասկուլյարիզացիա (վերաանոթավորում), ճարպոնի լաթի փոխպատվաստում (տրանսպլանտացիա) սրունքի վրա: Վիրահատության նպատակը՝ բարելավել սրունքի մկանների արյան մատակարարումը:

Ճարպոնը գտնվում է որովայնի խոռոչում, որը ունի պաշտպանիչ նշանակություն և վերականգնող հատկություն: Վիրահատության ժամանակ ճարպոնը վերցնում են որովայնի խոռոչից և այն հատուկ մեթոդով փոխպատվաստում սրունքի վրա:

Վիրահատությունը ընթանում է 2 փուլով, սակայն հիվանդին կատարվել է նաև 3 րդ վիրահատությունը՝ սիմպատէկտոմիա, որի նպատակը անոթների սիմպաթիկ նյարդի նյարդավորման վրա ազդեցությունն է: Հատում են սիմպաթիկ նյարդավորումը, թողնում են միայն պարասիմպաթիկ նյարդավորումը:

Պարասիմպաթիկ նյարդավորման ֆունկցիան անոթների լայնացումն է, իսկ սիմպաթիկը՝ նեղացումը: Ստացվում է, որ նեղացող ազդցություն ունեցող նյարդը վերացվում է և մնում է միայն լայնացողը, իսկ ճարպոնը խթանում է նոր անոթների առաջացմանը:

Այս վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, սակայն հիվանդին կատարվել է վիրահատության բաց եղանակը, քանի որ վիրահատությունից մի քանի շաբաթ առաջ հայտաբերվել էր ստամոքսի թափածակող խոց, որն էլ շտապ վիրահատվել էր լապարասկոպիկ եղանակով:

Հաշվի առնելով այս ամենը և հետվիրահատական կպումները որոշում կայացվեց վիրահատությունը իրականացնել բաց եղանակով:

Ճարպոնի մասնահատումը և անոթային վիրաբուժական թիմին տրամադրումը կատարվել է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արթուր Մանուկյանի կողմից: Որից հետո սրունքի ճարպոնի փոխպատվաստումը իրականացրեց “Շենգավիթ” ԲԿ-ի “Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության” ղեկավար, բ․գ․թ․,Արա Թադևոսյանը: Ասիստենտներ՝ անոթային վիրաբույժ Արսեն Ղարիբյան, անոթային վիրաբույժ Արայիկ Ավետյան և կլինիկական օրդինատոր Լևոն Սարգսյան:

Հետվիրահատական ընթացքը ընթացել է հարթ:

Հիվանդի վերքերը լավացել են առաջնային ձգումով, հիվանդը դուրս է գրվել վիրահատության 5րդ օրը՝ բավարար վիճակում:

Այսօր հիվանդը իրեն հրաշալի է զգում, վերադարձլ է բնականոն կյանքի»:

https://www.facebook.com/notes/shengavit-medical-center-%D5%B7%D5%A5%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6/%D5%A5%D5%A6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%83%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B8%D5%BF%D6%84%D5%A8/3377182335699086/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ