fbpx
Առողջապահություն

Կաթի օգտակարությունը

Կաթի օգտակարությունը հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից: Ավելի քան 10 հազար տարի կաթը ներառված է մարդու սննդակարգում: Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ կաթն օգտագործել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների բուժման նպատակով և տարբեր բնույթի թունավորումների դեպքում: 20-րդ դարի սկզբում էլ ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ կաթն իջեցնում է ճնշումը:

Կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, կալցիում և այլն:

Ուշագրավ է շոտլանդացի գիտնականների կատարած բավական երկարատև գիտափորձը, որի ընթացքում 25 տարի ուսումնասիրվել է կաթի ազդեցությունը 5765 տղամարդկանց առողջական վիճակի վրա: Պարզվել է, որ կաթի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում խոչընդոտում է սիրտ-անոթային և հատկապես սրտի իշեմիկ հիվանդության զարգացումը:

Կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, կալցիում և այլն:

Այժմ առավել մանրամասն այն մասին, թե ինչու է անհրաժեշտ կաթն օրգանիզմին:

Առողջ ոսկրեր և ատամներ

Կաթը պարունակում է կալցիում, որն ամրացնում է ատամներն ու ոսկրերը, կանխարգելում օստեոպորոզ հիվանդությունը:

Քաշի պահպանում և մկանային զանգվածի ավելացում

Նիհարելու և դիետայից հետո քաշը պահպանելու, մկանային զանգվածը չկորցնելու և նույնիսկ դրա ավելացման համար օրգանիզմին հարկավոր է սպիտակուց, որը ստացվում է սննդի միջոցով: 100 գրամ կովի կաթը պարունակում է մոտ 3,2-3,5 գրամ սպիտակուց, որը բավական լավ է յուրացվում: Բացի դրանից՝ կաթը հիանալի հագեցնում է քաղցը:

Կաթը՝ մի շարք հիվանդությունների առաջացման խոչընդոտ

Ցածր յուղայնությամբ կաթը նվազեցնում է ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Թթվայնության իջեցում

Կաթը նվազեցնում է օրգանիզմում թթվայնությունը: Մեկ բաժակ կաթը կօգնի ազատվել այրոցից:

Նյարդային համակարգի աշխատանքի կարգավորում

Կաթը դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի բնականոն գործունեության վրա: Առավոտյան կաթ խմելն առույգացնում է, իսկ երեկոյան՝ հանգստացնում՝ ապահովելով կենսունակության և հանգստի բնական շրջանների հաջորդականությունը:

Վիտամիններ և այլ օգտակար նյութեր

Կաթի մեջ առկա A և B վիտամինները լավ են ազդում տեսողության վրա, ածխաջրերը` էներգիայի և կենսունակության, կալիումը` նյարդային համակարգի կանոնավոր գործունեության, մագնեզիումը` մկանների ճիշտ աշխատանքի, ֆոսֆորը` էներգիայի արձակման, սպիտակուցը` մարմնի զարգացման և աճի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ