fbpx
Հասարակություն

Կաթողիկոսը նախագահել է Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հոգեհանգիստը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, հունվարի 19-ին մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը Ս. Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Իր քարոզում Հայր Սուրբը խոսել է օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարել Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը՝ ի մասնվորի նշելով. «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև՝ ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»:

Քարոզից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ