Առողջապահություն

Կայացել է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի տեղակալը ներկաներին առաջարկել է կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:

Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց:

Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը: Նա անդրադարձել է 2019 թվականին կատարված ռազմավարական գործողություններին, որոնց մի մասով առողջապահության նախարարությունը հիմնական կատարողն է, մի քանիսի մասով` համակատարող: Նունե Փաշայանը նշել է, որ 2019 թվականին մշակվել և հաստատվել է կլինիկական 9 ուղեցույց և 31 գործելակարգ: Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահության էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ` ինտեգրվել են էլեկտրոնային առողջապահական «Արթմեդ» և «Դիսպետչերական լոկատոր» համակարգերը, մշակվել և փորձարկվել են պիլոտային ծրագրեր` էլեկտրոնային ուղեգիրը, մասնակիորեն` դեղատոմսը, ինչպես նաև ավտոմատացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հերթագրման կարգը:

Նիստի օրակարգի երկրորդ հարցը` Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է փորձագետ Սամվել Խարազյանը: Նա անդրադարձել է ապահովագրության ներդրման հիմնական նպատակին` կայուն ֆինանսավորման համակարգի ձևավորմանը, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Որպես առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ` այն պետք է ապահովի հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ պետական ծախսերի փոխհատուցումը:

Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով` ակնկալելով լուծումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ