fbpx
Իրավական

Կայացել է ԵՄ-Հայաստան արդարադատության երկխոսության 2-րդ հանդիպումը

Հաշվի առնելով ՀՀ կառավարության օրակարգը՝ ուղղված արդարադատության ոլորտի ամբողջական բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու Կառավարության բոլոր ծրագրերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացի զարգացմանը` եվրոպական ստանդարտներին և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, այսօրվա հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստելու է Ռազմավարությունից բխող գործողություններին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության շարունակականությանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորել է նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:

Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու ՀՀ կառավարությանը արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը և ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ գրանցելու համար:

Երկխոսությունը նաև միջոց է՝ հետագա բարեփոխումների և դրանց վերջնականացման գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը ներգրավելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ